Լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։
Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջև՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝
«1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,
2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,
Կարդացեք նաև
3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,
4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1200-ը:»։
Տեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։
Հարկ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումը կիրառվում է արդեն շուրջ 20 տարի։
ՀՀ ԿԸՀ