Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին
«Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18)
Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ,
Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը Հռոմի Պատրոնիկե թագուհու նախաձեռնությամբ եւ Հակոբոս Տեառնեղբոր օգնությամբ խաչի գյուտն է, երկրորդը 327 թ. Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինե կայսրուհու կողմից Խաչափայտի գտնելն ու գողգոթայի տարածքում այդ առիթով կառուցված Սուրբ Հարության տաճարում հանդիսավոր վեր բարձրացնելը։ Սակայն Խաչվերացի տոնի վերջնական հաստատումը առնչվում է Խաչափայտի վերեդարձի հետ։
614 թվականին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա եւ ավերում այն։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Խաչափայտը։ 14 տարի անց, 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տալիս նաեւ հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով եւ այն անցնում է նաեւ պատմական Հայաստանով։
Կարդացեք նաև
Հերակլ կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում եւ մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։
Ի սկզբանե Խաչափայտը քրիստոնյաների կողմից արժանացել է մեծագույն հարգանքի եւ խոնարհումի, եւ քանի որ դրա վրա Տիրոջ Փրկարար արյունն էր հեղվել, ուստի այն դադարել է սոսկ նյութական արժեք լինելուց։ Այն այլեւս մեզ համար սրբազան մասունք է, տեսանելի մի նշան, որ մինչեւ այսօր վկայում է Աստծո անսահման սիրո եւ Աստծո Որդու կատարյալ հնազանդության մասին։ Ահա այս ընկալումով է, որ Տիրոջ Խաչափայտը բաժանվել է բազմաթիվ կտորների եւ որպես մեծագույն սրբություն տարածվել աշխարհի քրիստոնեական միջավայրում։
Դրան անմասն չի մնացել նաեւ Հայոց Եկեղեցին, եւ այսօր մենք երջանիկ հնարավորություն ունենք Խաչվերացի տոնին այստեղ վեր բարձրացնել Հայոց Բանակի պահապան՝ Տիրոջ խաչափայտի մի փոքրիկ մասունք իր մեջ կրող Աշոտ երկաթի հրաշագործ Խաչը։ Այս խաչը անցել է յուրատեսակ խաչի մի ճանապարհ՝ անցնելով հայոց սահմանի ամբողջ առաջնագծով, լինելով Հայաստանի եւ Արցախի բոլոր զորամասերում, անմիջապես մարտի դաշտում օրհնելով, մկրտելով եւ գոտեպնդելով մեր զինվորներին ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ժամանակ։ Այսօր այս խաչի նշանը իրենց հանդերձի վրա են կրում մեր բանակի բոլոր զինծառայողները։ Տարիների հեռավորությունից եթե նայում ենք, ապա Աշոտ Երկաթի Խաչի անցած ուղին մեր նորօրյա բանակի հետ իրապես նման է կենդանի հրաշքի։
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս այդ երբեմնի սարսափելի մահվան գործիքը դարձավ այդքան ցանկալի ու փափագելի նշան ամբողջ աշխարհի համար: «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն»։ Իրապես Պողոս առաքյալի այս խոսքերը օգնում են մեզ հասկանալու խաչի իրական նշանակությունը, եւ արտացոլում են Խաչի հանդեպ եղած հակասական մոտեցումները, որոնք շարունակվում են մինչեւ մեր օրերը։ Աշխարհը միանշանակ չկարողացավ ընկալել ծեծված եւ արյունաքամ Աստծո խորին խորհուրդը: Անգամ Քրիստոսի առաքյալները մինչեւ Հարություն գայթակղվեցին իրենց վարդապետի այն խոսքերից, որ ասում էր, թե Մարդու Որդին պիտի մատնվի մարդկանց ձեռքը, չարչարվի եւ անարգվի։
Նույնիսկ Պետրոս Առաքյալը Հիսուսին մի կողմ տանելով, փորձում էր Նրան համոզել, որ այդ տանջանքներից խուսափի, եւ վստահ էր, որ Հիսուսը կարող է խուսափել: Իսկ թե ի՞նչ եղավ Քրիստոսի պատասխանը Պետրոսին՝ բոլորս շատ լավ գիտենք: Աշխարհի իմաստությունը տենչում էր տեսնել հզոր, կործանող եւ ուժով փրկող փրկչի, բայց Աստվածային իմաստությունը ներկայացավ հանուն սիրո մինչեւ վերջ տառապող եւ հաղթանակող Փրկչի միջոցով:
Մտածելով այսօրվա տոնի մասին, այսքան գեղեցիկ եւ պատկերավոր ըմբռնելով Խաչի խորհուրդը, մեր միտքն ու հոգին առաջին հերթին սեւեռվում է այսօր խաչակիր դարձած Արցախ աշխարհի վրա: 120,000 հայեր ամենօրյա զրկանքներ ու նեղություններ կրելով տանում են իրենց խաչը, բայց դեպի ո՞ւր….. Արցախը համայն հայության Խաչն է։
Իսկ որն է այդ խաչը կրելու ամենաճիշտ ճանապարհը։ Հիսուս Քրիտոս գնաց խաչի մահվան, որովհետեւ գիտեր, որ միայն այդ ճանապարհով կարող է ընկած մարդկությանը դժոխքից դեպի երկինք բարձրացնել։ Քրիստոս ուներ հավատ եւ վստահություն նաեւ իր հաղթանակի հանդեպ, դրա համար էլ մինչեւ վերջ համբերեց։ Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ եւ ինքնիշխան ապագան, որին պիտի հավատանք ու ձգտենք, այլապես մեր խաչը կդառնա աննպատակ ծանր բեռ։ Մենք պետք է որոշենք, թե Արցախի խաչը մեր ազգի համար կհամարվի հիմարություն, թե՞ Աստծո զորություն: Պատասխանը ամեն մեկս պետք է գտնենք մեր ներսում: Արցախի Խաչը զորություն էր նրանց համար, ովքեր ազատագրեցին այն, եւ հիմարություն է նրանց համար, ովքեր Արցախը համարում են իրենց համար գլխացավանք: Պողոս Առաքյալը մեզ զգուշացնում է, որ Խաչը հիմարություն համարողները ի վերջո մատնվում են կորստյան:
Ուստի սիրելի հայրենակիցներ, մեր Տիրոջ Իսպառ Սերը խորհրդանշող Խաչից զորություն առած՝ մենք էլ միմյանց հանդեպ լցվենք սիրով, հոգատարությամբ եւ ներողամտությամբ, որպեսզի ազգովի կարողանանք արժանանալ քրիստոնեական խաչակրության իրական վախճանին՝ մեր հայրենիքի հաղթական հարությանը։
ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ