«Ասել եմ՝ քանի որ մենք վստահություն ունենք, որ հավաքելու ենք 50+1 ձայն, 50 տոկոսից ավելի, մենք այս պահին ոչ մի քննարկում չենք ունեցել այդ հարցով»,- հարցին՝ համագործակցելո՞ւ եք «Ապրելու երկիր» կուսակցության հետ, այսպես պատասխանեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։
Հարցին՝ ինչո՞ւ չմասնակցեցիք Հանրայինի եթերում բանավեճին, Հայկ Մարությանը ևս մեկ անգամ պարզաբանեց․ «Պետրոս Ղազարյանն անցել էր բոլոր կարմիր գծերը, մենք բոլորս գիտեինք, որը ինքը իշխանական պրոպագանդիստ է, դրա հետ կարծես մեր հանրությունը համակարծիք էր։ Կարմիր գծերն անցնելն այն էր, որ սկսեց թեկնածուներից մեկին որակումներ տալ, պիտակավորումներ տալ։ Այս դեպքում արձանագրեցինք և ասացինք, որ հրաժարվում ենք։ Մինչդեռ ի սկզբանե որոշում կար, որ պետք է մասնակցենք բանավեճին, բայց ասացինք՝ եթե վարելու է Պետրոսը Ղազարյան, մենք չենք գնալու այդ բանավեճին։ Մեր մասնակցության պայմանն այն էր, որ Պետրոսին փոխեն։ Եկեք ֆիքսենք՝ մենք ինչ տեսանք այդ բանավեճի ընթացքում։ Մենք տեսանք, որ այդ բանավեճի ընթացքում բոլոր թեկնածուներն ունեին հաշված րոպեներ իրենց հարցերը տալու համար, դրանից հետո կազմակերպվեց մեկ ժամանոց ծավալուն հարցազրույց իշխանական թեկնածուի հետ։ Սա անհավասար մրցակցություն է»։
Իսկ թե ինչու չի մասնակցել «Ֆակտոր»-ի՝ բանավեճին, Հայկ Մարությանը պատասխանեց, որ նրանց կողմից բանավեճի հրավեր չեն ստացել։
Հարցին՝ որքա՞ն եք համարում հաղթանակի հավանականությունը, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Ինչպես միշտ շատ բարձր եմ գնահատում։ Ցավում եմ, որ դեռ այս պահին մասնակցությունը փոքր է, բայց մինչև ժամը 20։00 ժամանակ ունենք, և երևանցիները կգան ու կկատարեն իրենց ընտրությունը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ