Ներկայացնում ենք քվեարկության առաջին կեսին՝ 08:00-14:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերը
Քվեարկության ժամանակահատվածի առաջին կեսը՝ 08:00-14:00 ժամանակահատվածն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, միևնույն ժամանակ ընտրողների զգալի պասիվության պայմաններում։
Ընտրատեղամաս դիտորդների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրվել է մեկ դեպք:
– 8/35 տեղամասում որոշակիորեն խոչընդոտվել է «Ականատես»-ի երկու դիտորդների միաժամանակյա ներկայությունը՝ հանձնաժողովի քարտուղարի և նախագահի կողմից երկու դիտորդի ներկա գտնվելու իրավաչափության վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենալու հետևանքով։ ԸԸՀ-ի հետ մի քանի անգամ կապ հաստատելուց հետո (այդ թվում՝ «Ականատես»-ի կողմից) խնդիրը կարգավորվել է մոտ 20 րոպե անց։
Կարդացեք նաև
Ընտրողների ընտրելու իրավունքը իրացնելու հետ կապված արձանագրվել է երեք դեպք երկու տեղամասում։
– 6/06 ընտրողների ցուցակում ներառված երկու անձի տվյալները, ըստ սարքի ազդանշանի, առկա չեն եղել տեխնիկական սարքում։ Անձանցից մեկը այնուհետև կարողացել է մասնակցել քվեարկության՝ նույնականացման քարտը տեխնիկական սարքի ընթերցելուց հետո: Մյուսին չի թույլատրվել քվեարկել և առաջարկվել է ներկայացնել անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած, որ նա ունեցել է վավեր անձը հաստատող փաստաթուղթ։
– 10/02 տեղամասում ընտրողների ցուցակում ներառված անձի տվյալները բացակայել են տեխնիկական սարքում, ինչի արդյունքում անձին չի թույլատրվել քվեարկել վավեր փաստաթղթի առկայության պայմաններում։ Անձին վերադաս ընտրական հանձնաժողովից ուղղորդել են լրացուցիչ տեղեկանք վերցնելու։ Երկու դեպքերն էլ արձանագրվել են գրանցամատյանում։
Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երեք խնդիր։
– 5/2 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ընտրողներին չի տրամադրել 12 համարի քաղաքական ուժի քվեաթերթիկները։ Հանձնաժողովի նախագահի նկատողությունից հետո իրավիճակը շտկվել է:
– Նույն 5/2 ընտրատեղամասում գրանցամատյանում գրանցումները հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից իրականացվել են մատիտով։ Դիտորդի նկատառումից հետո խնդիրը կարգավորվել է։
– 7/60 ընտրատեղամասում հարաբերականորեն պակաս են եղել 4-րդ և 14-րդ համարի քվեաթերթիկները։ Դիտորդի կողմից բացահայտվելուց և բարձրաձայնվելուց հետո հանձնաժողովի նախագահը լրացրել է 4-րդ համարի քվեաթերթիկների տրցակը։
Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված չորս խնդիր։
– 1/01 ընտրատեղամասում սենյակը այնպես է կահավորված, որ լիարժեք չի կարող երաշխավորվել ընտրողների գաղտնիության իրավունքը՝ քվեախցիկների կողքին առկա է դուռ, որով ելումուտ են անում հանձնաժողովի անդամները։ Դիտորդների՝ վերակահավորելու վերաբերյալ առաջարկը մերժվել է։
– 8/38 ընտրատեղամասում չեն պահպանվել քվեատուփը փակելու և կնքելու օրենքով և ԿԸՀ որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորապես, քվեատուփը կնքված չի եղել։
– 10/12 տեղամասում քվեախցիկների կողքին առկա է դուռ, որը փակված չէ, կարող է օգտագործվել հանձնաժողովի անդամների կողմից։ Դուռը փակելու համար տնօրենի կողմից բանալի չի տրամադրվել հանձնաժողովի նախագահին։
Ընտրատեղամասում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության 6 դեպք, որոնցից որոշ դեպքերում՝ ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության նպատակով։
– 2/04 տեղամասային կենտրոնից 50 մետր շառավղով տարածքից դուրս, սակայն մեկուկես ժամ շարունակ, գտնվել է մեկ անձ մի քանի այլ անձանց հետ միասին, որոնք պարբերաբար փոփոխվել են։ Տվյալ անձը պարբերաբար դիմավորել է տեղամաս գնացող անձանց և խոսել նրանց հետ: Նա ընտրատեղամասում գրանցված է եղել որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ։ Հեռանալու մասին մի շարք հորդորներին նա բացասական է արձագանքել՝ պատճառաբանելով, որ գտնվում է իր բակում։ Հանձնաժողովի նախագահի հետ զրույցի արդյունքում նա ի վերջո հեռացել է։
– 2/30 տեղամասում նույն անձը տեղամաս է այցելել երկու անգամ, մեկ անգամ մի տղամարդու, երկրորդ անգամ՝ մի քանի կանանց հետ։ Դիտորդի լուսանկարելուց հետո տվյալ անձը լքել է տեղամասային կենտրոնը։
– 6/18 և 6/19 ընտրատեղամասերի դիմաց ներկա են եղել երեք անձիք, ովքեր զանգեր են կատարել՝ ընտրությունների մասնակիցների թվերը ճշգրտելու նպատակով: Դիտորդի կողմից դեպքը արձանագրելուց և նկարահանելուց հետո նրանք հեռացել են տեղամասային կենտրոնի տարածքից։ Այնուհետև, նշված անձինք նկատվել են նաև այլ՝ թիվ 6/32 տեղամասային կենտրոնի մոտ, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձի հետ։
– 8/40 տեղամասային կենտրոնում և դրան հարակից տարածքում շուրջ 30 րոպե ներկա է գտնվել տվյալ շենքում տեղակայված թիվ 75 դպրոցի տնօրենը՝ առաջարկելով իր օգնությունը աշխատանքները կազմակերպելու հարցում։ Հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ դպրոցի տնօրենը հեռացել է տեղամասային կենտրոնից:
– 9/22 ընտրատեղամասում արձանագրվել է կողմնակի անձի՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մարինե Մալխասյանի ներկայությունը։ Արձանագրվել են նաև հանձնաժողովի աշխատանքներին տվյալ անձի կողմից միջամտելու փորձեր։ Նա քվեարկության սենյակում գտնվել է շուրջ 40 րոպե։ Դիտորդների կողմից հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, վերջինս փորձել է դուրս հրավիրել թեկնածուին, սակայն նա անմիջապես չի հեռացել և դրսևորել է ագրեսիվ վարք։ Ի վերջո, թեկնածուն հեռացվել է ոստիկանության միջամտությամբ։
– 10/28 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը կատարել է զանգեր, նշումներ հեռախոսում, պարբերաբար հաղորդակցվել է ընտրողների հետ։ Դիտորդի արձանագրումից հետո վստահված անձը պարզաբանել է, որ մարդիկ իրեն բարևում են կամ մոտենում են, քանի որ ճանաչում են իրեն։
Հիշեցնենք, որ ընտրախախտումների ահազանգման համար գործում է https://iditord.org/elections հարթակը:
«Ականատես» դիտորդական առաքելություն