Այսօր ՀԱՍԱԿ-ի («Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն) նախագահ Արման Ղուկասյանը ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրություններին քաղաքացիների պասիվ մասնակցություն է լինելու:
«Հաշվի առնելով քարոզչության ժամանակ մարդկանց հետ շփումները, տրամադրություններն ու այն մտահոգությունները, որոնք մարդիկ հայտնել են, չեմ կարծում, թե մասնակցությունը լինի շատ բարձր, կարծում եմ՝ միջին կարգի»,-ասաց Ղուկասյանը:
Քաղաքապետի երիտասարդ թեկնածուն կասկած չունի, որ իրենց ուժը լավ արդյունքներ է գրանցելու. «Ի վերջո պետք է լինի քաղաքական սերնդափոխություն, գան քաղաքական նոր մտածողության մարդիկ: Երիտասարդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայի հանրային շահին ծառայելու: Այն եռանդը, որ ունի երիտասարդությունը, վստահ եմ, որ լավ առումով կարող է ծառայել մեր քաղաքին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ