«Քվեարկել եմ հանուն առողջության»,- քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հարցին՝ հանուն ինչի՞ եք քվեարկել Երևանի ավագանու ընտրություններին, այսպես պատասխանեց Առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ սկզբունքով է քվեարկել, բացառություններ կայի՞ն, թե կոնկրետ այս ուժին չեք քվեարկելու, նա պատասխանեց․ «Իսկ ինչո՞ւ եք Դուք ուզում, որ ես դա ասեմ»։
Մյուս հարցին՝ որպես նախորդ իշխանության պաշտոնյա կասե՞ք՝ այս իշխանությանը, կո՞ղմ եք, թե՝ դեմ, նա պատասխանեց․ «Ես գտնում եմ՝ նախորդ կամ ներկայիս տերմինը սխալ է։ Ես քաղաքացի եմ և ունեմ իմ իրավունքները։ Ունեմ իմ իրավունքը ընտրելու նրան, ում ուզում եմ ընտրել»։
Հարցին՝ իսկ քաղաքական դաշտը ե՞րբ է առողջանալու, Արա Բաբլոյանն այսպես պատասխանեց․ «Կամաց-կամաց պիտի առողջանա, էլի»։
Կարդացեք նաև
Հստակեցմանը՝ Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի աշխատանքից գո՞հ եք, Արա Բաբլոյանը պատասխանեց․ «Դուք անընդհատ ինձ տանում եք դեպի քաղաքական դաշտ, ես ուզում եմ ձեզ ասել, որ ես հիմա զբաղվում եմ առողջապահությամբ»։
Մեր փաստմանը՝ շատ են խոսում այս ընտրություններում ընտրակեղծիքների մասին և հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ քվեն կպահպանվի՞, Արա Բաբլոյանը պատասխանեց՝ հուսով եմ՝ կպահպանվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ