Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»․ Հայկ Մարության

Սեպտեմբեր 17,2023 17:22

«Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»,- Aravot.am-ի հարցին՝ եթե չհաջողեք Երևանի քաղաքապետի ընտրություններում, մնալո՞ւ եք քաղաքականության մեջ, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Դիտարկմանը՝ հեղափոխության ալիքով եկաք, դարձաք քաղաքապետ, Հայկ Մարությանն այսպես արձագանքեց․ «Այդ ալիքով եկան, դարձան վարչապետ, քաղաքապետ, նախարարներ և այլ պաշտոնյաներ։ Ժողովուրդն այդ պահին արեց հեղափոխություն և հեղափոխական թիմին ընտրեց ու պատվիրակեց, որ գնա, իրականացնի այն աշխատանքն ու երազանքները, ինչի մասին մենք բոլորս երազում էինք»։

Հարցին՝ պատրա՞ստ եք «Ապրելու երկիր» կուսակցության հետ կոալիցիա կազմել, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մենք սրա մասին դեռ քննարկում չենք ունեցել։ Կլինեն ընտրությունների արդյունքները, մենք մեր բոլոր որոշումների մասին կհայտնենք․ գաղտնի չենք պահելու»։

Իսկ թե ինչի՞ համար է քվեարկել Հայկ Մարությանը, նա պատասխանեց․ «Ես իմ եզրափակիչ ելույթում ասում էի, որ այս իշխանությունները գողացել են մեր հույսը։ Ես քվեարկել եմ, որ մենք կարողանանք հետ բերել հույսը»։

Լրագրողները փաստեցին՝ ընտրությունների ցածր մասնակցություն է գրանցվել այս պահի դրությամբ, Հայկ Մարությանը մեկնաբանեց․ «Դեռ օրը առջևում է։ Ես ուզում եմ երևանցիներին հորդորել անպայման մասնակցել ընտրություններին, գալ, կատարել իրենց ընտրությունը, քանի որ սա մեր քաղաքի ապագան է։ Քաղաքային իշխանությունների ընտրությունների ժամանակ միշտ էլ պասիվ է եղել մասնակցությունը։ Բնական է․ կա ապատիա, ընդհանուր ապատիա քաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքականության հետ կապված։ Այդ ամենը մարդկանց վրա ազդում է»։

Հարցին՝ իր շտաբը ընտրախախտումների հետ կապված ահազանգեր ստանո՞ւմ է, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Տարբեր տիպի զանգեր ստանում ենք, այդ ամենը կմշակենք ու կհայտարարենք»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված որակումների և մասնավորապես «թիկունքից հարվածելու» մասին հայտարարությունների՝ Հայկ Մարությանն ասաց․ «Թիկունքից հարվածելը կլիներ այն, եթե ես դուրս գայի այդ ժամանակ թե′ պաշտոնից, թե′ կուսակցությունից և հայտարարեի դրա մասին բոլորին։ Այնինչ, ես ներքին կարգով՝ միայն Սուրեն Պապիկյանին հայտնել եմ, որ այլևս մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ։ Սա սկզբունքային խնդիրների համար է, և ես ոչ մի դեպքում սրա մասին ոչ մեկին չեմ ասելու։ Դրա մասին դուք կհայտնեք, երբ ձեզ հարմար կլինի, երբ ամեն ինչ հանդարտվի, էլ վտանգավոր չլինի։ Անգամ ունենալով լուրջ ու խորքային տարաձայնություններ ՔՊ վերնախավի հետ՝ ես այդ քայլին դիմել եմ միայն նրա համար, որ ապահովեմ իրենց անվտանգությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930