«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը քվեարկեց 9/26 ընտրատեղամասում: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետեւաբար՝ հանուն իշխանափոխության եւ հորդորեց քաղաքացիներին անպայման մասնակցել, որովհետեւ չմասնակցելը եւ քվեաթերթիկը անվավեր հանելը իշխանության օգտին է:
Խոսելով շտաբի ստացած ահազանգերի մասին՝ նա ասաց, որ այս պահին լուրջ արձանագրում չկա, բայց ահազանգերը հավաքագրում են:
Հարցին՝ հենց «սրբխե՞չն» էր պատճառը, որ մոտ 300 հանգուցյալ կա ընտրացուցակներում՝ նա պատասխանեց. «Կարելի է դա ուղղել իշխանության ներկայացուցիչներին: Մենք արձանագրում ենք այդ թվերը, արձանագրում ենք օտարերկրյա ընտրողներին, որպեսզի դրանց ազդեցության աստիճանը հասկանանք՝ էակա՞ն կլինի, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Լրագրողները փոխանցեցին ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի դիտարկումները՝ վերջում կարող են գնալ ու համեմատել՝ հնդիկները, պակիստանցիները ընտրության մասնակցե՞լ են, թե՞ չէ, կամ հանգուցյալները «կենդանացե՞լ» են, թե՞ չէ: Ի պատասխան՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Թող չհուշի Ավինյանը, մենք գիտենք ինչպես վարվենք այդ տեղեկատվության հետ: Ես ուղղակի նորից ուզում եմ հորդորել երեւանցիներին մասնակցել, որպեսզի իրենց փոխարեն հարգարժան այլ օտարերկրացիները չորոշեն Երեւանի ճակատագիրը»:
Թանդիլյանը նշեց, որ ինչքան էլ Ալեն Սիմոնյանը, իշխանությունները խոսում են անվտանգությունից, մեր քաղաքացիները չեն կարող աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական իրենց ձախողումները չտեսնել՝ մանկապարտեզների ֆոնին. «Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են՝ իշխանությունը պահելու համար, միակ լուծումը ընտրություններին մասնակցությունն է»:
Սոցցանցերում մարդիկ կան՝ դժգոհում են, թե այս ի՞նչ սահմանափակ մտածելակերպ է, ինչո՞ւ են հայերը դեմ, որ այլազգիները, մասնավորապես՝ հնդիկները, ռուսները մասնակցեն ընտրությանը, դուք ինչո՞ւ եք դեմ, որ Գումեշ Սինխը մեր փոխարեն ընտրի Երեւանի քաղաքապետ: Այս առնչությամբ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ես ոչ թե դեմ եմ, մարդիկ օրենքով սահմանված իրավունքներ ունեն, բայց ես ի՞նչ եմ հորդորում սիրելի երեւանցիներին՝ հարգարժան օտարերկրացիները այստեղ 1-2 տարի կապրեն, կգնան, սա երեւանցիներին պատկանող մայրաքաղաքն է՝ ընտրության առումով եւ համայն հայության մայրաքաղաքը՝ իր նշանակությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ