Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձանագրվել են «տասովչիկների» կողմից ընտրողներին զանգել-կանչելու, ուղեկցելու բազմաթիվ դեպքեր․ «Անկախ դիտորդի» տվյալները

Սեպտեմբեր 17,2023 15:59

Երևանի ավագանու ընտրություններում լայնածավալ դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ ընտրությունների ընթացքի վերաբերյալ։

Նա արձանագրված խախտումները ներկայացնելիս հայտարարեց՝ զանգվածային բնույթ են կրել ձայնային ձեռներեցների կամ որ առավել հայտնի է՝ « տասովչիկների» միջամտությունները, նրանք ընտրողներին զանգում, կանչում են, ուղեկցում, ուղղորդում։ Եվ դա հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Ըստ բանախոսի, այս ընտրություններում նկատելի է որոշակի որակական տարբերություն, նախկինում առավոտյան շուտ սովորաբար բարձր մասնակցություն էր նկատվում՝  շնորհիվ «տասովչիկների, սակայն այս անգամ նրանք ընտրողներին քնից չեն հանել ու տարել ընտրատեղամաս։ Առավոտ շուտ բարձր մասնակցություն արձանագրվել է մի քանի ընտրատեղամասերում,օրինակ՝ 8/43-ում, 2/20-ում, 3-րդ ընտրատարածքում կան նման տեղամասեր։

Ըստ Դանիել Իոննիսյանի, Քանաքեռ-Զեյթունում էլ նկատել են քրեական հեղինակությունների շրջանակների հետ կապված մի մարդու, որը ընտրատեղամասից ընտրատեղամաս է գնում և հանդիպում ՔՊ-ի ներկայացուցիչներին, «տասովչիկների» հետ խոսակցություններ է ունենում։ Նա շրջում է բոլոր ընտրատեղամասերով և գաղտնի դիտարկում՝ ինչ գործունեություն են իրականացնում։

«Անկախ դիտորդը» 170 հոգանոց դիտորդական կազմով է հետևում ընտրություններին, ընդհանուր առմամբ արձանագրել են հետևյալ խախտումները․

«Մասնավորապես 4 ընտրական տեղամասերում գործընթացը սկսվել է ուշացումներով, մեկ ընտրական տեղամասում՝ 2/21-ում սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով՝ պայմանավորված հանձնաժողովի նախագահի բացակայությամբ։ Շատ ընտրական տեղամասեր շատ անհարմար տեղերում են և անմատչելի են, չորսը նույնիսկ նկուղային հարկերում են։

Ըստ էության, արձանագրվել է թվով 48 խախտում, որից չորսը հանձնաժողովի նախագահի, 21-ը վստահված անձանց, 21-ը՝ ընտրողների, մնացածն անհայտ անձանց կողմից։

Հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև եղել են մեկից ավել խախտումներ արձանագրված «Ապրելու երկիր», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց» և «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։

7 տեղամասերի ընտրական հանձնաժողովներում մեր դիտորդներն արձանագրել են ուղղորդում, որոնցից 4-ը պարբերաբար կրկնվել, և եղել են «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացուցիչների կողմից, դրանք են՝ 6/13, 9/56, 9/57 և 9/6-ը։

Մյուս դեպքերը, որոնք որ այդքան էլ կրկնվող բնույթ չեն կրել, եղել են «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կողմից։

18 ընտրական տեղամասերում նկատվել են կուտակումներ, որոնցից 4-ը կրկնվել են, կրել են պարբերական բնույթ։

Մեկ ընտրական տեղամասում՝ Աջափնյակում «Հանրային ձայն» կուսակցության երեք թեկնածուների մուտք է արձանագրվել ընտրատեղամաս, ինչպես գիտեք մինչև ժամը 20․00-ն արգելված է։

20 ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիության հետ կապված դեպքեր են արձանագրվել, որոնց մի մասը եղել է պայմանավորված սխալ կահավորմամբ։

Եվ ընթացակարգային խախտումների 30 դեպք է արձանագրվել, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է ընտրական հանձնաժողովների և հանձնաժողովների նախագահների կողմից «Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին պատշաճ չտիրապետելու արդյունքում»։

Դանիել Իոննիսյանը նշեց, որ իրենք հանցագործության մասին ոստիկանություն երկու հաղորդում են ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է ընտրողների կազմակերպված տեղափոխմանը՝ 9/15, 9/6, 56 և 57 ընտրատեղամասերում։

Դիտորդի գործունեության խոչընդոտման դեպքով ևս հաղորդում են ներկայացրել, որն արձանագրվել է թիվ 6/25 ընտրատեղամասում։

Ընտրակաշառքի հետ կապված արժանահավատ ահազանգ չունեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930