«Ամեն անգամ, ոչ միայն զորքեր կուտակելով, այլեւ հարձակումներ գործելով մեր դիրքերի ու սահմանների վրա, ներխուժելով մեր տարածք՝ փորձ է արվում մեզ ինչ-որ բաներ պարտադրել։ Եվ դրա մասին բաց խոսվում է, հարեւան երկրի ղեկավարը դրա մասին բարձր խոսում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին։ «Բայց ես պետք է ասեմ՝ քանի դեռ ՀՀ ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին, մենք պինդ ենք բանակցային գործընթացների մեջ եւ շարունակելու ենք պինդ մնալ»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է իշխող ուժը կրկնում, թե հայ ժողովուրդն իրենց մանդատ է տվել, այն դեպքում, երբ 2021 թվականի ընտրություններին ՔՊ-ին ընտրել է ընդամենը 680 հազար մարդ, որը ՀՀ բնակչության փոքր մասն է կազմում, եւ արդյոք մարդիկ նրանց ընտրել են, որ իրենք հայտարարեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, ՀՀ տարածքները հանձնելու մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ եւ առաջ դուք պետք է հասկանաք ընտրական մեխանիզմը։ Իսկ որտե՞ղ է, որ 100 տոկոս բնակչությունը գնում է ընտրության եւ 100 տոկոսն ինչ-որ մեկին ընտրում է։ Իսկ ընդդիմությանը քանի՞ տոկոսն է ձայն տվել։ Գոյություն ունի ընտրություն, կամ ընտրության արդյունք, եւ չկա այլ որեւիցե ելակետային տվյալ։ Քանի դեռ այդ տվյալները կան, խնդրում եմ շարժվել այդ տվյալներով։ Ժողովրդավարությունը, որքան էլ դա մարդկանց դուրեկան չլինի, դա է, երբ ընտրություններին մասնակցած մարդկանց 54 տոկոսն ընտրում են այս իշխանությանը։ Ի՞նչ ծրագրով ենք եկել, մենք պատասխանատու ենք եւ հաշվետու ենք մեր ընտրողների առջեւ, որոնք 2021 թվականից հետո Սյունիքում, այլ մարզերում կրկին գնացել ու ընտրել են մեզ։ Մարդիկ գնահատականը տալիս են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ