Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աղջկաս հետ ընտրեցինք պայքարի օրակարգը». «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ

Սեպտեմբեր 17,2023 15:20

«Ժողովրդավարական համախմբում » կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ փոքրիկ դուստրերի հետ: «Սա յուրատեսակ խորհրդանիշ է ինձ համար: Չեմ ուզում պաթոսային խոսքեր ասել, որովհետև, ըստ էության, մենք սա անում ենք նաեւ երեխաների, մեր ապագայի համար, թեեւ չէինք կարող իրենց տանը մենակ թողնել: Մենք աղջկաս հետ ընտրեցինք պայքարի օրակարգը: Անզորության եւ նվաստացման օրակարգը փորձում ենք փոխել պայքարի օրակարգով, որն առավել քան վստահ եմ՝ ստացվելու է»,-ասաց Սուրեն Պետրոսյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորում ընտրողների այսչափ պասիվությունը, Սուրեն Պետրոսյանն ասաց. «Ավելի շատ, իմ խորին համոզմամբ, նրանով, որ հասարակությունն ունի խորքային հիասթափություն, եւ գործընթացներից որեւէ ակնկալիք որպես այդպիսին այլեւս չունի:

Այս ընտրությունն իրականում շատ կարեւոր է, քանի որ սրանք բացարձակապես քաղաքային ընտրություններ չեն, այլ քաղաքական ընտրություններ են: Այս ընտրություններից հետո, այնուամենայնիվ, սկսվելու են խորքային փոփոխություններ, եւ գործընթացներն արդեն սկիզբ են առել, որոնք ուղղակի հնարավոր չէ կանգնեցնել:

Այս ընտրությունները յուրատեսակ ցուցիչ են լինելու, եւ անկախ ցուցանիշից, էլի եմ կրկնում՝ գործընթացներն արդեն սկիզբ են առել: Քարոզարշավի վերջին օրը երկրի ղեկավարը բացահայտ բռնության կոչերով էր հանդես եկել, դրա համար մենք դիմում ենք ուղղել ԿԸՀ՝ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, որպեսզի իրենք ուղարկեն դատարան, դատարանը քննի եւ իրենց մասնակցությունն անվավեր ճանաչի: Դեռեւս սպասում ենք պատասխանի»:

Հաշվի առնելով մեկ բնակարանում տասնյակներով մարդկանց գրանցումները, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը՝ որքանո՞վ է իրատեսական համարում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը: Այս հարցին ի պատասխան՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն ասաց. «Երեւի ներքեւում տեսել եք, թե ինչպես էին հավանաբար Հնդկաստանի քաղաքացու ուղեկցելով՝ կին բերում, եւ սա երեւի թե համատարած բնույթ է կրում: Ու միայն սա չի լինելու: Ընտրությունները կավարտվեն, կտեսնեք, որ նույնիսկ տեսականորեն անգամ անհնարին է առանց ընտրախախտումների ունենալ հաջողություն:

Բայց էլի եմ ասում՝ այս ընտրությունները միայն որոշակի չափով են ցուցիչ լինելու: Ամենակարեւոր ցուցիչը սեպտեմբերի 15-ի վերջին հանրահավաքն էր, որտեղ իշխանությունը ողջ ռեսուրսները կիրառելով՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից մարդկանց հավաքել էր, բայց 4800 թիվը չէր գերազանցել: Սա նշանակում է, որ իշխանափոխությունը, վերջի սկիզբը արդեն ակնհայտ է: Բոլորն են նկատել՝ որ ոչ միայն իշխանափոխության, այլեւ խորքային փոփոխությունների անիվը սկսել է պտտվել: Միայն ժամանակի հարց է:
Կտեսնեք՝ այս ընտրություններից հետո հատկապես՝ այն օրակարգը, որը մենք ենք առաջ քաշել, ինչ փոփոխությունների է բերելու, սա չեմ ասում նրա համար, որ մեր օրակարգն է, դա զուտ մեր օրակարգը չէ, այլ պատմական ճշմարտություն է: Ուղղակի տեսականորեն հնարավոր չէ, որ մնանք նույն կետում կամ նորից ամրապնդվի իշխանությունը: Սա միայն մի դեպքում է հնարավոր, եթե նախկին նախագահները գան օգնության վարչապետին, ակտիվանան իրենց դեմքով կամ անուղղակի կերպով, որը կլեգիտիմացնի ներկայիս իշխանությանը: Մնացած դեպքերում անշրջելի են փոփոխությունները»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930