«Ես վստահում եմ ՀՀ ժողովրդին, վստահում եմ երեւանցիներին, ես վստահում եմ այն գիտակցությանը, որը մեր ժողովուրդն ունի, որովհետեւ վերջին 5 տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, սունկի պես աճել են լրատվամիջոցներ, եւ այդ լրատվամիջոցների միակ նպատակը եղել է հայաստանյան իշխանություններին վարկաբեկելը։ Բայց դա չի ստացվել ու չի ստացվելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հավելեց․ «Մեզ հաճախ փնովում են, ասում են՝ ինչո՞ւ չեք կարողանում ձեր աշխատանքներն ավելի շատ ներկայացնել։ Նման քննադատությունը ես ընդունում եմ, որովհետեւ իրոք դժվար է, երբ լրատվական դաշտի 90 տոկոսն այս կամ այն քաղաքական ուժին է հարում, ոչ թե իշխող կուսակցությանը։ Բայց, կարծում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարել է ու կատարելու է»։
Հարցին, որ վարչական ռեսուրսի կիրառման մասին փաստեր կան, հին ավանդույթները շարունակվո՞ւմ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գիտե՞ք՝ աբսուրդն ինչում է կայանում, որ ձեր ասածն ու ազատ, անկախ ընտրությունները մեկը մյուսին բացառում են։ Այսինքն՝ եթե դուք խոսում եք դրա մասին, եւ միջազգային հանրությունը, միջազգային դիտորդներն արձանագրում են ազատ ու անկախ ընտրություններ, ապա ձեր ասածներն ուղղակի մանիպուլյացիաներ են։ Եթե մարդուն հորդորում են, ինչն ինձ համար անընդունելի է, որ կարող է գալ, դա որեւիցե ձեւով չի կարող ազդել ընտրությունների վրա, որովհետեւ բոլորը մտնում են ընտրատեղամաս ու կատարում իրենց ընտրությունները։ Չի աշխատել նույնիսկ փող բաժանելը։ Երբ նախկին իշխանությունների կողմից նույնիսկ փող էր բաժանվում, մեկ է, մարդիկ իրենց ընտրությունն իրականացնում էին։ Ուստի, խնդրում եմ, երբ ինչ-որ օրինակ եք բերում, միշտ հասկացեք, որ երկրում կան ազատ ընտրություններ, այդ ձեր բերված օրինակները երկու օր հետո ուղղակի մոռացվում են»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ