«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են իր թիմակիցները վերջին օրերին անվտանգային հարցը բերել առաջնային պլան եւ ինչո՞ւ էին խուսափում այդ հարցով խոսել քարոզարշավի ողջ ընթացքում։
«Ես երբեւէ որեւէ թեմայով չեմ խուսափել խոսել։ Եվ առաջին օրվանից մինչեւ վերջին օրը ես հիմնականում խոսել եմ Երեւանի խնդիրներից, որովհետեւ ես վստահ եմ, որ առաջին հերթին այս ընտրությունների կոնտեքստում երեւանցիներին հետաքրքրում են այն հարցերը, որոնք կապված են Երեւան քաղաքի հետ»,- ասաց Ավինյանը։
Հարցին, թե ՔՊ վերջին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր խոսում ինքնիշխանության ու անվտանգության մասին, Ավինյանը պատասխանեց․ «Որովհետեւ այդ հարցերը երբեք դուրս չեն եկել մեր օրակարգից։ Հայաստանի Հանրապետության օրակարգից՝ սկսած 1991 թվականից մեր անվտանգության ու ինքնիշխանության հարցերը երբեւէ դուրս չեն եկել»։
Հարցին, թե ինքն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում, Ավինյանը պատասխանեց․ «Ես իմ տեսակետները նախկինում հայտնել եմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ