Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5․78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞»․ Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 17,2023 14:48

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քվեարկեց Երեւանի 9/53 տեղամասում։ Լրագրողների հետ զրույցում Ավինյանն ասաց․ «Ես քվեարկել եմ հանուն Երեւանի շարունակական զարգացման, հանուն մեր եւ մեր երեխաների ապագայի եւ ավելի լավ քաղաքի»։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման, մեկ հասցեում տասնյակ մարդկանց հաշվառման մասին ահազանգերին՝ Ավինյանն ասաց․ «Ինչ վերաբերում է տարբեր հասցեներում տարբեր մարդկանց գրանցմանը, ես էլ հետեւում էի երեկ այդ վիդեոյին, որը պտտվում էր։ Որեւէ տրամաբանություն չկա այդտեղ մեզ մեղադրելու, որովհետեւ կարծում եմ՝ կկարողանաք ընտրությունների վերջում գնալ տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Դա մեզ հետ որեւէ կապ չունի։ Իմ տեղեկատվությամբ՝ մեքենայի առ ու վաճառքով զբաղվող ինչ-որ մեծ խումբ է եղել, եւ մարդ է եղել, ով գրանցել է իրենց»։

Անդրադառնալով հարցին, որ ՔՊ վերջին հանրահավաքին մարզերից ավտոբուսներով մարդիկ են բերվել Երեւան, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Վարչական ռեսուրսի՝ անընդհատ բարձրաձայնվող, չափից շատ բարձրաձայնվող եւ որոշ տեղերում կեղծ բարձրաձայնվող թեմային անդրադարձել եմ։ Եթե ժողովրդավար ու արդար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, այդ վարչական ռեսուրսի կիրառումը կամ այդ մարդկանց հավաքներին բերելը որեւէ տրամաբանություն չունի»։

Դիտարկմանը, որ ընտրացուցակներում նաեւ 229 հանգուցյալների անուններ կան, նա արձագանքեց․ «Թափանցիկության տեսանկյունից ընտրություններ են, ցուցակները բաց են եղել, եւ վստահաբար կարող են լինել նաեւ անճշտություններ։ Բայց նաեւ ընտրություններից հետո կարելի է ստուգել՝ ովքեր են գնացել ընտրությունների, եւ արդյոք այդ անճշտություններով հանդերձ մարդիկ գնացել են, եւ դիմացը ստորագրություն եք տեսնում»։

Ավինյանը նշեց, որ նախ եւ առաջ այսօր պետք է լսել, թե երեւանցիներն ինչ են ասում, եւ արձանագրել այն արդյունքները, որոնք երեւանցիներն ընտրությունների միջոցով կգրանցեն։ «Դրանց հետո արդեն կարելի է խոսել այլ ուժերի հետ համագործակցության մասին»,- հավելեց նա։

Ավինյանը նաեւ նշեց, որ այս ընտրությունների կազմակերպման մասով շատ-շատ մեղադրանքներ ուղղակի անհիմն են։ «Անընդհատ խոսում են վարչական ռեսուրսի կիրառումից, եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայեք եւ այս տարվա մասնակցության արդյունքները նայեք։ Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով ժամը 11-ի դրությամբ մենք 5․78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞, իհարկե, կունենայինք։ Բայց այդ ժամանակները շատ վաղուց անցնել են, հետեւաբար, անընդհատ այդ հին թեզերը, նորից բերել, փորձել շրջանառել, ինձ թվում է՝ ժողովուրդն է արդեն հոգնել դրանից»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930