Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրահավաքում ՔՊ-ի թեկնածուի եւ ղեկավարի հռետորիկան հուշում է՝ մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր քվեի համար՝ հանուն ժողովրդավարական արժեքների»․ Նորայր Նորիկյան

Սեպտեմբեր 17,2023 14:08

«Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների պասիվությունը (ժամը 11:00-ի դրությամբ) յուրօրինակ դեմարշ է գործող իշխանության նկատմամբ, որովհետեւ ամբողջ քարոզարշավի ժամանակ քաղաքացիների ճնշող մեծամասնության հիմնական միտքն էր՝ մի անգամ էլ վստահեցինք, ի՞նչ եղավ։ Ես չէի ուզի ՀՀ քաղաքացուն այսպես հուսահատված ու հուսալքված տեսնել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում քվեարկելուց հետո ասաց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։ Նա չբացառեց, որ ընտրողների պասիվությունը պայմանավորված է նաեւ անվտանգային իրավիճակով եւ անվստահությամբ։

Ըստ ԿԸՀ-ի, հիշեցնենք, Երեւանի ավագանու համամասնական ընտրություններին ձեւավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերում ժամը 11.00-ի դրությամբ 824 հազար 250 ընտրողից մասնակցել է 47.671 մարդ կամ 5.78 տոկոսը։

Նորիկյանը երեւանցիներին խնդրեց մասնակցել ընտրություններին եւ կատարել, իր խոսքով ասած՝ ժողովրդի իշխանության բացարձակ կրողի գործառույթը․ «Իրացրեք ձեր իրավունքն ու ընտրեք որակապես նոր իշխանություն»։

Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ ընտրություններում հիմնական մտահոգությունը վարչական ռեսուրսի կիրառումն է եւ ըստ ընտրական ցուցակների, մեկ հաշվառման վայրում մի քանի տասնյակ մարդկանց հաշվառելը․ «Մտավախություն կա, որ վարչական ռեսուրսը կկիրառվի ամբողջ ծավալով եւ կիրառվել է ամբողջ ծավալով։ Քաղաքապետարանի հարակից հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՔՊ-ի թեկնածուի եւ ղեկավարի հռետորիկան, բովանդակությունը հուշում է, որ մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր քվեի համար՝ հանուն ժողովրդավարական արժեքների, հանուն արդար Հայաստանի ու արդար հասարակության համար։ Լռության նախորդ օրը ուժի ցուցադրությունն անհասկանալի էր։ Ամբողջ Երեւան քաղաքը, մարզերի բնակչությանը բերել ու միտինգ անել, որ տպավորություն ստեղծեն, թե իշխող ուժը որոշակի խաղի կանոններ թելադրող է, ինձ համար հասկանալի չէր։ Պետության, գործադիր իշխանության ղեկավարի պահվածքը պետք է հավասարակշիռ լինի, սթափ լինի, շրջահայաց լինի, կարեւոր ուղերձ պետք է այդ օրը հնչեր։ Լավ կլիներ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին խոսեր իր իշխանության չարածների մասին ու հիմնավորեր՝ ինչու չեն կատարել իրենց խոստումները, ոչ թե գար ու հաթաթա տար ու արհեստական մրցակիցներ իր համար ուղենշեր։ Տխրահռչակ ավանդույթները շարունակվում են, որեւէ էական փոփոխություն չկա։ Այն ժամանակ էլ բերում էին, մկաններ էին ցույց տալիս»։

Նորիկյանն ասաց, որ ապավինում է մտածող մարդկանց ողջախոհությանը եւ հույս ունի, որ քաղաքացիներն այսօր իրենց արժանի իշխանություն կձեւավորեն։

Նորիկյանի դիտարկմամբ՝ դժվար է արձանագրել, որ մրցակցային են ընտրությունները, իշխող ուժի թեկնածուն ուներ ակնհայտ առավելություն՝ հնարավորությունների տեսանկյունից, քանի որ չունենալով քաղաքապետի մանդատ, փաստացի երկու տարի ղեկավարել է քաղաքը։ Նա նաեւ նշեց, որ թաքնված խախտումներ որոշ շրջանակների կողմից կիրառվել են, բայց շոշափելի եւ աչքի զարնող խախտումների մասին հերքել կամ հաստատել չի կարող։

Նորիկյանը վստահ է, որ «Արդար Հայաստանը» կլինի Երեւանի ավագանիում․ «Մենք մեր ձայնը կունենանք ոչ միայն ավագանիում, այլեւ Հայաստանի քաղաքական ապագա գործընթացներում։ Երեւանի ընտրությունները մեր վերջին հանգրվանը չեն, ուղղակի ուժերի հաշվեկշռով պայմանավորված մենք կձեւավորենք մեր քաղաքական վարքագիծը։ Եթե Երեւանի ավագանիում լինի «Արդար Հայաստան» խմբակցությունը, պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ խմբակցությունը ծառայելու է Երեւանի շահերին, երեւանցիներին, աշխատելու է կազմակերպված, պրոֆեսիոնալ, իր մտավոր կարողություններն առավելագույնը գործադրելով խնդիրը լուծելու համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930