Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք մեր սահմանները պահել. ՀՀ նախագահ

Սեպտեմբեր 17,2023 13:58

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչքանով է տեղեկացված հայ-ադրբեջանական բանակցություններից, խաղաղության պայմանագրից, որը մինչեւ տարեվերջ նախատեսվում է ստորագրել:

««Խաղաղության պայմանագրի» շուրջ տարաձայնությունները վերաբերում են հենց Լեռնային Ղարաբաղին: Եկեք շատ չբացենք, որովհետեւ իրականում մեր շատ հայտարարություններ կամ մեկնաբանություններ հօգուտ չեն լինում, որովհետեւ հակառակորդ կողմն անընդհատ հղում է անում ՀՀ տարբեր պաշտոնյաների տարբեր մեկնաբանություններին:

Մեր ձգտումն է՝ հնարավորինս շուտ ստորագրել պայմանագիրը, որպեսզի անընդհատ հերթական անորոշ իրավիճակում չհայտնվենք այն առումով՝ կարող է սահմանին զորքեր կուտակվեն, կարող է՝ չկուտակվեն: Այլ ունենանք վստահելի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված՝ սահմանների անձեռնմխելիության կամ մեր ինքնիշխանության հետ կապված որեւէ խնդիր չունենանք»,- ասաց ՀՀ նախագահը:

Լրագրողների խնդրանքով նախագահը մեկնաբանեց նաեւ իր նախկին կուսակցի՝ Լեւոն Զուրաբյանի իր հասցեին ուղղված մեղադրանքները, թե ինքը շեղվել է իր ուղուց, այն գաղափարներից, որոնց դավանել է ու դարձել է, մեղմ ասած, Փաշինյանի խոսափողը:

«Ես 1988 թվականից ղարաբաղյան շարժման մեջ եմ ու իմ սկզբունքներից, մոտեցումներից, գաղափարներից չեմ հրաժարվել։ Մեկնաբանությունները՝ մնացածը ձեզ»,- ասաց նախագահը:

Հարցին, թե 1988-ին էլ էի՞ք մտածում՝ Արցախը Ադրբեջանի կազմում է, այդ դեպքում ինչո՞ւ էիք մասնակցում շարժմանը, Խաչատուրյանը պատասխանեց. «Լսեք, 1988 թվականին բոլորս դուրս ենք եկել մի նպատակով, որ ամեն ինչ անենք, որ այնտեղ տեղի ունեցող, ըստ էության, Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանություն չասեմ, համենայնդեպս, հայաթափման քաղաքականությունը դադարեցվի: Այն ժամանակ տարբեր իրավիճակներում ենք հարցը քննարկել, խնդիրները տարբեր են եղել, բայց էլի եմ ասում՝ իմ գաղափարներին, սկզբունքներին դեմ չեմ գնացել»:

Վերջին հարցն էլ վերաբերում էր նրան, թե ամեն անգամ, երբ Բաղրամյան 26-ում հյուրընկալում է Նիկոլ Փաշինյանին ու ասում շնորհակալություն, անվտանգային այս լրջագույն խնդիրների ֆոնին հարց է առաջանում՝ ինչի՞ համար է ասում շնորհակալություն:

Խաչատուրյանն ամենայն լրջությամբ պատասխանեց հարցին. «Շնորհակալություն այն աշխատանքների համար, որ կառավարությունը կատարում է, որ կարողանում է այս ծանրագույն պայմաններում կառավարել ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Դրա համար պետք է իրականում շնորհակալություն հայտնել, հիմա էլ եմ առիթը օգտագործում շնորհակալություն հայտնում: Կարծում եմ՝ դուք էլ եք ականատես այն ահռելի աշխատանքին, որ կատարվում է: Ամեն ինչ չի հրապարակայնացվում, կան աշխատանքներ, որ չեք տեսնում, բայց դրա արդյունքը լինում է այն, որ ավելի ենք մեր անվտանգության համակարգերն ուժեղացնում: Անվտանգային միջավայրը բարելավվում է այն աշխատանքով, որ կատարվում է: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք մեր սահմանները պահել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930