Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավոր խնդիրներ ունեցողի տվյալներն ընտրացուցակում, քրեական տարրերն էլ՝ ընտրատեղամասի մոտակայքում․ Ի՞նչ ահազանգեր է ստացել ոստիկանությունը

Սեպտեմբեր 17,2023 13:48

Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սրահում ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ՝ ներկայացնելով ոստիկանությանը հղված հաղորդումները։

Պաշտոնյան ասաց, որ այսօր Երևանի ավագանու ընտրությունները մեկնարկելուն պես՝ ժամը 8․00-ից մինչ այս պահը ոստիկանությունը ստացել և քննարկել է ստուգման ենթակա երեք տեղեկություն, որոնցից մեկը երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը՝ մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալներն ընտրացուցակում հայտնվելու մասին են։

Երրորդ հաղորդումն էլ անհայտ քաղաքացուց է այն մասին, որ հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու։ Ըստ բանախոսի, նշված ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ։

Ոստիկանության պաշտոնյան մանրամասներ կհաղորդի ժամը 20․30-ին, նա մեկ անգամ ևս ընտրություններից հետո կհյուրընկալվի ԿԸՀ-ում։

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկի այն ահազանգին, թե Քանաքեռ- Զեյթուն համայնքում ակտիվություն է նկատվում քրեական հեղինակությունների հետ համագործակցող մարդկանց կողմից, նրանք շրջում են ընտրատեղամասերով, հարակից տարածքներով, զրուցում ինչ-որ մարդկանց հետ, իր մոտ դեռ տվյալներ առկա չեն։ Սակայն պաշտոնյան հավաստիացրեց, որ պարտադիր կիրականցվեն ստուգողական աշխատանքներ։

Արմեն Մկրտչյանը տվյալներ ներկայացրեց նախընտրական քարոզարշավի ընթացքում ոստիկանությանը հասցեագրված հաղորդումների մասին։

«Նախընտրական ժամանակաշրջանում՝ քարոզարշավի ընթացքում, այն է՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը ոստիկանությունում ստացվել և քննարկվել են 26 հաղորդումներ, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ։

Հանցագործության մասին ստացված բոլոր 8 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։ Դրանցից 7-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ մեկով կազմվել է քրեական վարույթ չկազմելու մասին արձանագրություն, որի օրինականությունն էլ ստուգվել է հսկող դատախազի կողմից։

Ստուգման ենթակա 19 հաղորդումներից 2-ն առերևույթ հանցագործության և այլ իրավախախտման հատկանիշներ չպարունակելու հիմքով թողնվել են անհետևանք, իսկ 17-ով դեռևս կատարվում են ստուգումներ։ Վարչական խախտումների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չեն ստացվել», ասաց ոստիկանության պաշտոնյան։

Նրա տեղեկացմամբ՝ հանցագործություններից 4-ը եղել են քարոզչությանը խոչընդոտելու դեպքեր, 2-ը՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մեկը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, և մեկն էլ՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը։

3 հաղորդում ստացվել են Մալաթիայի, երկուսը՝ Կենտրոն և Նոր Նորք, երրորդը՝ Շենգավիթ վարչական տարածքներից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930