«Միլանի» հետ տնային խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ եւ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն էր խաղադաշտում իր գրանցած դուբլի, մեկ գոլային փոխանցման եւ ֆանտաստիկ գործողություններով:
Բոլորը տեսան, որ երկրորդ գոլը խփելուց հետո Մխիթարյանը մատը դրեց ականջին՝ պատասխանելով իրեն քննադատող բոլոր ֆուտբոլասերներին եւ ժուռնալիստներին, որոնք թիմի գլխավոր մարզչից պահանջում էին, որպեսզի «Ինտերի» մեկնարկային կազմում Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտնի Դավիդե Ֆրատտեզին: Ընդ որում, վերջինը իր հերթին Ուկրաինայի հետ խաղում դարձել էր հանդիպման հերոսը: Մխիթարյանի եւ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հասցեին քննադատության մի ամբողջ հեղեղ էր կարեւոր ու սկզբունքային այս հանդիպման նախօրյակին: Սակայն Ինձագին, այնուամենայնիվ, վստահեց հայ ֆուտբոլիստին ու չսխալվեց: Ահա թե ինչ են գրում իտալական լրատվամիջոցները Հենրիխ Մխիթարյանի մասին «Միլանի» հետ հանդիպումից հետո:
Eurosport.it: «Մխիթարյանը հիասքանչ է: Խաղասկզբին առաջին գոլը խփելով, նա այնուհետեւ դուբլ ձեւակերպեց եւ ճշգրիտ, ճիշտ ժամանակին փոխանցումներով ու տակտիկական գերազանց մտածողությամբ, ըստ էության, որոշեց հանդիպման ելքը: Իսկ վերջում նաեւ գոլային փոխանցում էլ կատարեց»:
Sportmediaset: «Շուրջբոլորը ասում են, թե հայ ֆուտբոլիստը չպետք է խաղա մեկնարկային կազմում, որպեսզի Ֆրատտեզիի համար տեղ ազատի: Սակայն այս խաղում նա շատ արագ գոլ խփեց, իսկ երկրորդ խաղակեսում Մխիթարյանի դուբլը անվիճելի առավելության եւ ֆուտբոլային ինտելեկտի վկայությունը դարձան»:
Կարդացեք նաև
Fcinter1908.it: «Բոլոր քննադատների բերանը փակեց: Ամբողջ շաբաթ խոսվում էր, թե «Միլանի» հետ խաղում նա մեկնարկային կազմում չպետք է լինի: Բայց մենք նրա դուբլի եւ սեփական կիսադաշտում գնդակը խլելուց հետո սենսացիոն գոլային փոխանցման ականատեսը դարձանք»:
Nerazzurrisiamonoi: «Նա պատասխանեց բոլոր այն լրագրողներին, որոնք կոչ էին անում Ֆրատտեզզին խաղադաշտ մտցնել առաջին րոպեներից: Դրա համար Մխիթարյանը բոլորին ցույց տվեց հայտնի ձեռքով գործողությունը: Նա ցույց տվեց մաքուր եւ հղկված մակարդակ: Մխիթարյանը «Ինտերի» հայկական պրոֆեսոր է»:
Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղին անդրադարձել են նաեւ բազմաթիվ այլ լրատվամիջոցներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ