Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից՝ 08:00-ից, մեկնարկել են Երեւանի ավագանու ընտրությունները: Քվեարկությունից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն բարեկեցիկ, գեղեցիկ ու հարմարավետ Երեւանի:
«Վստահ եմ, որ մենք այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Այսօր այդ հնարավորությունը կա, մասնակցել, ազատ ընտրություն կատարել, փառք Աստծո, թեկնածուներ շատ են»,- ասաց Խաչատուրյանը:
Հարցին՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտում է բարեկեցիկ Երեւան ունենալու հավանականությունը տեսնում, նախագահը պատասխանեց՝ կապ չունի:
Մեկ այլ հարցին, թե այս ընտրություններն ինչով են տարբերվում նախորդ ավագանու ընտրություններից, Խաչատուրյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ՝ այս ընտրությունները շատ ավելի քաղաքականացված են, շատ ավելի սրված՝ հաշվի առնելով նաեւ արտաքին միջավայրը: Իհարկե, դա ինչ-որ առումով ստվերում է մեր՝ քաղաքացիներիս ուշադրությունը դարձնել քաղաքային խնդիրների վրա: Ես կուզեի, որ ավելի խաղաղ միջավայրում ընտրություն կատարեինք ու դրանով տեղական ընտրությունը տարբերեինք համապետականից»:
Կարդացեք նաև
Հարցին, թե քարոզարշավի ընթացքում խախտումներ արձանագրե՞լ է, նա պատասխանեց, որ ուշադրություն է դարձրել հրապարակումներին, իր դիտարկումներով ու կարդացած նյութերով՝ չի արձանագրել:
Խաչատուրյանն ասաց նաեւ, որ զարմացած է, որ այս քարոզարշավում հեռուստատեսային բանավեճերը կայացան, մինչդեռ, ըստ նրա, նախկինում դրանք վերածվում էին անկազմակերպ վեճի, ու մարդիկ հնարավորություն չէին ունենում մտքեր արտահայտել: Նախագահն ասաց նաեւ, որ անհանգստություն չունի, թե այս ընտրությունները կանցնեն ոչ թափանցիկ ու անարդար. «Եվ չի էլ կարող այդպես լինել, ի վերջո, 2018 թվականի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հենց ազատ ընտրությունների անցկացումն է, հետնահանջ չկա»:
Լրագրողի դիտարկմանը, թե ազատ, արդար ընտրության տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է մեկ բնակարանի վրա 31 պակիստանցու գրանցումը, Խաչատուրյանն այսպես արձագանքեց. «Բացատրությունն այն է, որ գալիս են այստեղ գրանցվում, որ աշխատանք ունենան: Օրենսդրությունը պահանջում է, որ մի տեղ աշխատելու համար, պետք է հաշվառվես: Ես այլ բացատրություն չունեմ, ենթադրությունս դա է: Նախկինում դա կատարվում էր, որ ընտրական օրենսգրքում այդ մարդիկ ընդգրկվեին, բայց հիմա վստահ եմ, որ իմ ասածն է»:
Հիշեցնենք, որ ընտրությունները կտեւեն մինչեւ երեկոյան ժամը 20:00:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ