Լրահոս
Օրվա լրահոսը

381 անճշտությունից 225-ը մահացած անձանց տվյալներն էին

Սեպտեմբեր 17,2023 13:15

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառմանը, նշեց, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով բնակիչների հաշվառումը ցանկացած հասցեում իրականացվում է կա՛մ սեփականատիրոջ համաձայնությամբ, կա՛մ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում:

«Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կա՛մ սեփականատիրոջ համաձայնություն է, կա՛մ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ  կարող է հաշվառված լինել»,-ասաց Արմեն Ղազարյանը։

Վերջինս նշեց, որ ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության աշխատակիցներն ահազանգերի հիման վրա այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ՝ բացահայտելով անհամապատասխանությունները։ «Արձանագրված 381 անճշտությունից 225-ը մահացած անձանց հայտնաբերումն էր։  Եղել է տեխնիկական բնույթի 156 անճշտություն»,-նշեց նա։

Այս անգամ Երեւանի ավագանու ընտրություններում 824 250 քվեարկելու իրավունք ունեցող անձանցից 14 653 ՀՀ քաղաքացիներ չեն, որից 11 890-ը Ռուսաստանի Դաշնության, իսկ 89-ը՝  Հնդկաստանի, մնացածն այլ երկրների  քաղաքացիներ են: Արմեն Ղազարյանը համեմատելով 2018թ․-ի Երեւանի ավագանու ընտրությունը՝ նշեց, որ այդ ժամանակ՝  840 602 ընտրելու իրավունք ունեցող անձանցից  7741-ը նույնպես Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։ «Օտարերկրացիների մասնակցության վերաբերյալ այս փոփոխությունները տեղի են ունեցել դեռեւս 2007 թվականին: Դեռեւս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել փախստականները»,-ասուլիսում հայտարարեց Արմեն Ղազարյանը:

Նշենք, որ տվյալ համայնքում մեկ տարվա հաշվառում ունեցող օտարերկրացիները կացության գրանցման քարտերով կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930