Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչս պարտավոր չի ինձ լայքի, իսկ առաջ մեր բոլոր բարեկամների անուններն էինք գրում՝ անձնագրի տվյալներով» . ՔՊ-ական տնօրեն  

Սեպտեմբեր 17,2023 12:46

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 15-րդ համարն է, իսկ ֆեյսբուքում նրա գլխավոր լուսանկարը իշխող ուժի շրջանակով ու կարգախոսով է,  ընտրությունների նախօրյակին  հանդիպում է ունեցել ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ: Aravot.am-ը տիկին Երեմյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանդիպումը քարոզչական նպատակներ չի ունեցել, եւ ինչո՞ւ հենց ընտրություններից մեկ օր առաջ:

«Բացարձակ նման նպատակ չի հետապնդել: Մենք ունենք կանոնակարգ, ըստ որի՝ մինչեւ ամսվա կեսը պետք է անենք ծնողական ժողովը: Ես արձակուրդում չեմ եղել, քարոզարշավին մասնակցել եմ միայն աշխատանքային ժամից հետո: Ընդամենը 3 օր վերցրել եմ արձակուրդ, դրանք այն օրերն էին, երբ մենք քարոզարշավն իրականացրել ենք Աջափնյակ համայնքում, մնացած բոլոր օրերին աշխատանքից հետո եմ մասնակցել, կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունները մինչեւ ժամը 4-ը:

Ինչ վերաբերվում է ծնողական համայնքի հետ հանդիպմանը, յուրաքանչյուր դասարանից գալիս է 5-ական ծնող, ներկա է եղել 5-6 ուսուցիչ: Եկել են դասարանների ներկայացուցիչները եւ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս պահին ծառացած են՝ կապված կրթական նոր չափորոշիչների հետ: Այնպես որ ըստ կանոնակարգի՝ իրականացրել ենք ծնողական ժողովը, իսկ աշակերտների համաժողովն էլ թողել ենք երկուշաբթի օրը, որովհետեւ ծնողների հետ հանդիպում ենք, խնդիրները գնահատում ենք, հետո նոր երեխաների հետ ենք հանդիպում»,- ասաց Ռուզաննա Երեմյանը:

«Եթե ես քարոզարշավ իրականացնեի, իմ էջով նման բան  չէի տեղադրի, ընդհանրապես չէի լուսաբանի: Ես ունեմ տարբեր քաղաքական ուժերի ծնողական համայնք, քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող մարդիկ, այդ բոլոր ծնողները ներկա են եղել հավաքին… Որեւէ տնօրեն, այն էլ ես՝ ինձ թույլ չեմ տվել քարոզարշավի ընթացքում որեւէ ծնողի հետ քննարկել քաղաքական որեւէ խնդիր: Ո՛չ թույլ եմ տվել, ո՛չ էլ թույլ եմ տալու, դա ինձ համար սկզբունքի խնդիր է»,-ասաց ՔՊ-ական տնօրենը:

Ի դեպ, Ռուզաննա Երեմյանը հայտնի է նաեւ Փաշինյանի հանրահավաքում ունեցած ելույթով, որտեղ ասել էր. «Մենք այլեւս ստրուկ չենք, հասուն եւ արժանապատիվ մանկավարժներ ենք, որևէ մեկը մեզ չի կարող մեր կամքին հակառակ տանել որևէ հավաքի: Այդ ազատությունը մեզ տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»:

 

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենին, որն այս իշխանությունների օրոք է տնօրեն դարձել, նորից հարցրինք՝ ինչո՞ւ հենց լռության օրը կայացավ հանդիպումը ծնողների եւ ուսուցիչների հետ: «Ծնողական համայնքն աշխատող համայնք է, երբ դասղեկները օրը քննարկել են, ծնողները խնդրել են, որ դա արվի սեպտեմբերի 16-ին, շաբաթ օրը, երբ իրենք աշխատանքի չեն եւ կարող են մեծ սիրով մասնակցել ժողովին:

Թեկնածուն, կուսակցության ցուցակի 15-րդ համարը չի կարող հիմար լինել եւ իր էջում ինչ-որ քաղաքական բան դնել: Ես ոչինչ չունեմ թաքցնելու, որովհետեւ ծնողները դրա վկաներն են: Ընդ որում, մենք ունենք ծնողներ ե՛ւ Քոչարյանի թիմից, ե՛ւ այլ քաղաքական ուժերի: Այդ ծնողներն այնքան հպարտորեն են դուրս եկել, իմ էջում էլ մեկնաբանություններ գրողներն իրենք են: Ինչպե՞ս կարող է տնօրենը մտնել եւ երեխաների ծնողների հետ քաղաքական հարց քննարկել, էս ո՞ր օրերն են, ո՞ւմ մասին է խոսքը»,-ասաց մեր զրուցակիցը, որը ներկայացավ որպես կրթահամալիրի հիմնադիրներից մեկը, որը նախկինում դպրոցի փոխտնօրենն է եղել:

Ռուզաննա Երեմյանին հիշեցրինք իր ելույթը, որտեղ ասում էր, թե այլեւս ստրուկ չեն, հարցրինք՝ նախկինում իր վրա ճնշումներ եղե՞լ են, հատկապես որ դպրոցի երկարամյա փոխտնօրենն է եղել: «Իհարկե եղել են, յուրաքանչյուր ընտրությունից առաջ գալիս էին ընտրողների ցուցակ էին պահանջում, մենք նույնիսկ հումորի էինք տալիս, մեր բոլոր բարեկամների անունները գրում էինք անձնագրի տվյալներով, ուղարկում էինք, ու իրենք գիտեին, թե իրենց ընտրողն ենք»,-ասաց նա:

Տիկին Երեմյանը չցանկացավ պատասխանել այն հարցին՝ հիմա իշխող ուժի կողմից մի՞թե վարչական ռեսուրս չի օգտագործվում: «Հիմա դուք իմ մասին եք հարցնում, ես էլ իմ մասով պատասխանեցի՝ եթե որեւէ մեկը ծնողական համայնքից կգա կասի, որ ժողովի ժամանակ բացի կրթական հարցերից ուրիշ բան է քննարկվել, ես օրենքի ողջ խստությամբ պատասխան կտամ:

Եթե դուք նայեք իմ էջը հավանողներին, այնտեղ կտեսնեք իմ մեծ ուսուցչական կոլեկտիվից ընդամենը 3-4 հոգու, որոնք իմ գաղափարակիցներն են: Ես նույնիսկ դա եմ այն հիմքերի վրա դրել, որ ուսուցիչս պարտավոր չի ինձ լայքի… Ես ընդհանրապես չեմ մտահոգվում ոչ մի բանի համար, թող գան ծնողներից հարցնեն՝ ինչի մասին է եղել ժողովը»,-ասաց նա: Նաեւ սպառնաց դատի տալ բոլոր նրանց, ովքեր իր մասին այլ բան են գրել ու տարածել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930