«Հանրային հեռուստաընկերության՝ քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճին մասնակցեցինք, բայց 12 քաղաքական ուժերին խաբս տվեցին, եւ ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, թե ինչու չեկան։ Այսինքն, մենք բոլորս վերջնական խոսքն ասում ենք, բայց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին վերջին օրով բերում են Հանրային եթեր՝ հարցազրույցի։ Դա խաղի կանոնների խախտում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը՝ Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո։
Նա վստահ է՝ այսօր երեւանցիներն իրենց խոսքը կասեն այնպես, ինչպես ՏԻՄ ընտրություններում, որի արդյունքում մի շարք համայնքներում ՔՊ-ն չի հաղթել․«Ես երեւանցիներին հավաստիացնում եմ, որ վերջնական այն կետը կդրվի, ինչպես որ ՔՊ-ն պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում, Նոյեմբերյանում, Ալավերդիում նաեւ Գյումրիում եւ Վանաձորում (բարեւում են ընկերոջս՝ Մամիկոն Ասլանյանին), նույն կերպ այսօր երեւանցին կասի վերջնական խոսքը»։
Մնացականյանը կրկին շեշտեց՝ ընտրություններից հետո, եթե հնարավորություն լինի, «Հաղթանակ» կուսակցությունը կհամագործակցի բոլոր առողջ ուժերի հետ, բացի «Քաղաքացիական պայմանագրից»։
Մնացականյանը քվեարկության էր եկել, ինչպես ինքն ասաց, մեծ ընտանիքի հետ․ «Եկել ենք քվեարկենք, որպեսզի Երեւանը դառնա մարդամոտ քաղաք, եւ ամենակարեւորը՝ համաչափ զարգացած, որպեսզի ոչ միայն կենտրոնը պուրակներով, այգիներով, հասարակական տարածքներով, ավազաններով, մշակութային օջախներով, ժամանցի վայրերով լինի, այլ ամբողջ Երեւանը լինի համաչափ զարգացած։ Տրանսպորտային բարեփոխումը միայն ավտոբուս բերելը չէ, դա աշխատանքի իմիտացիա չի։ Տրանսպորտային բարեփոխում անելու համար պետք է հասկանալ խորքային խնդիրները։ Իսկ խորքային խնդիրներն այն են, որ այսօրվա քաղաքային իշխանությունները չեն պատկերացնում, որ համաչափ զարգացում ասելով պետք է հասկանանք, որ այլ վարչական շրջանի բնակիչները կարողանան լիարժեքորեն օգտվել Երեւանի բոլոր բարիքներից»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ