Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ այս պահը ստացել է 101 դիմում

Սեպտեմբեր 17,2023 12:02

Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նշանակման օրից մինչ ընտրությունների օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող 101 դիմում։ Այդ դիմումներից 14-ը կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են, որոնք բավարարվել են։

«45 դիմում վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, եւ թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը: Դրանցից 3-ը՝ տեղական կազմակերպություններից են ներկայացվել, իսկ երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որեւէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, եւ բոլոր ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները հավատարմագրվել են»,- ասուլիսում նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ 6 դիմում եղել է ինքնաբացարկի վերաբերյալ, 12 դիմում վերաբերել են տեղեկատվության  հարցմանը։

Դիմումներ են ստացվել նաեւ  ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կամ նրանց ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից: 6 դիմում ներկայացվել է Երեւանի ավագանու ընտրություններին համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների կողմից, եւ թվով հինգ դիմում ներկայացվել է քաղաքացիների կողմից:

«Մեկ դիմումով նշվում էր, որ անհայտ անձինք են գրանցվել մի հասցեում եւ, քանի որ ընտրողների ցուցակներով զբաղվում է ոստիկանությունը, ապա նրան է հասցեագրվել այդ դիմումը: Մեկ դիմումով պահանջվում էր պարզաբանել, թե արդյոք օրենքին համապատասխան են իրականացվել նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերը: Այդ հարցն առաջացել էր կուսակցությունների եւ դաշինքի կողմից տրամադրված հայտարարագրերը հրապարակելուց հետո: ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել եւ առկա տեղեկատվությունն այդ կապակցությամբ ներկայացրել է, ընդ որում՝ մատնանշվել է, որ խախտում առկա չի եղել: Մնացած դիմումներն առնչվել են նախընտրական քարոզչության սահմանած կարգի պահպանությանը, որոնց դեպքում նյութերը կամ ուղարկվել են իրավապահ մարմիններին, կամ մյուս դեպքերում ԿԸՀ-ն ձեռնարկել է օպերատիվ միջոցներ՝ պարզելու ներկայացված հանգամանքները, թե արդյոք առկա են խախտումներ: Եղել է իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրել է խախտում, սակայն միջոցներ ձեռնարկելու պահին խախտումը արդեն վերացված է եղել, ուստի դրա վերաբերյալ դիմումատուն իրազեկվել է»,- նշեց ԿԸՀ-ի ներկայացուցիչը։

ԿԸՀ էլեկտրոնային հասցեին եւս դիմումատուները ուղարկում են նամակներ, որոնց վերաբերյալ կատարվում է ուսումնասիրություն, եւ պատասխանները տրվում են դիմումատուներին: Այս ժամանակահատվածում եղել է  նման 14 նամակ, պատասխանները հրապարակված են  նաեւ ԿԸՀ կայքում:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930