«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին և դուրս գալով քվեախցիկից, լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության․ «Քվեարկել եմ հանուն ՀՀ պետականության, որպեսզի իմ երկու դուստրերը ապրեն ՀՀ-ում․ նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Քվեարկել եմ, որ իրենք ունենան լավ մանկապարտեզներ, լավ խաղահրապարակներ, և Երևանը լինի իրենցը․ Երևանը վերադարձնենք երևանցիներին»։
Արմեն Փամբուխչյանը նշեց՝ ակնկալիք ունեն, վստահ են, որ կլինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, և որևէ ուժ չի փորձի որևէ ցեխ շպրտել այս ընտրությունների վրա․ «Մեր նկատմամբ որոշակի արշավ է գնում, մենք հետևողական ենք լինելու, որ ընտրություններն ամենաարդար, ազատ և թափանցիկ ձևով անցկացվեն։ Որոշ ուժեր կփորձեն կեղծիքների դիմել, ոչ թե բուն իմաստով կեղծիքների, այլ ֆոն ստեղծել, որ իշխանությունն է փորձում կատարել որևէ կեղծիք։ Երեկ էլ հայտարարություն էինք արել, որ մեր կեղծ բուկլետներն էին հայտնվել Աջափնյակում։ Սա նույնպես կեղծիքի շղթայի մաս է։ Վստահեցնում եմ՝ որևէ ուժի կողմից, այդ թվում՝ ՔՊ-ի որևէ անախորժությանն առաջինը արձագանքելու է ՔՊ նախընտրական շտաբը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ