Հայաստանի 5 մարզերի շուրջ 200 տաղանդավոր երեխաներ ներկայացան Արմավիրի մշակույթի պալատում՝ Մոսկվայի 876-րդ տարեդարձին նվիրված համերգի շրջանակում։ Միջոցառումը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ:
Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Շիրակի և Կոտայքի մարզերի ստեղծագործական խմբերն ու կատարողները ներկայացրին հայկական և ռուսական ժողովրդական, ժամանակակից երգեր ու պարեր: Համերգը վարում էր Ղրիմի վաստակավոր արտիստ Վերոնիկա Պրավդնիկովան, որը կատարեց Ռուսաստանի մայրաքաղաքին նվիրված հայտնի երգեր: Միջոցառման հատուկ հյուրը՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատար Ֆերդինանդ Մուրադյանն էր։
«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների ստեղծագործական զարգացմանը՝ փորձելով ամեն կերպ օգնել և աջակցել նրանց նախաձեռնություններին։ Հույս ունեմ այս նախագիծը կոգևորի ու կոգեշնչի մեր տաղանդավոր երեխաներին և խթան կդառնա նրանց հետագա ստեղծագործական կյանքի համար։ Նախագծի նպատակն էր նաև ներկայացնելու հայկական և ռուսական մշակույթների ընդհանրությունները»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Վահրամ Կարապետյանը շնորհակալագրեր է հանձնել բոլոր համույթներին ՝ Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման գործում ակտիվ մասնակցության և ներդրած ավանդի համար:
«Նման միջոցառումները կարևոր են մարզերում ստեղծագործական ակտիվությունը խթանելու համար: Ուրախ ենք այստեղ տեսնել այնքան տաղանդավոր ու շնորհալի երեխաների, ովքեր հիացրեցին մեզ իրենց կատարումներով», – նշեց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին սպասվում էր անակնկալ։ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը պատրաստել էր իսկական դաշտային խոհանոց՝ շիլայով և թեյով։
Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում են Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ