«Իրադրության գնահատականը չի փոխվել կառավարության նախորդ նիստից ի վեր»,- հարցին՝ Ադրբեջանը շարունակո՞ւմ է ռազմատեխնիկա կուտակել սահմանին, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ձգտում է հասնել այն կետին, որ ՀՀ-ն դառնա Արևմուտքի գործընկեր, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ուշադիր հետևում ենք բոլոր հայտարարություններին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքում»։
Ճշտող հարցին՝ ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, թե նման ձևակերպումները տեղին են։ ՀՀ -ն չի կարող արտաքին քաղաքական վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ ՀՀ պետական շահերի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Սերգեյ Լավրովի հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ասել եմ, որ նախընտրում եմ մեկնաբանել իմ գործընկերների հայտարարությունները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներկայացրել եմ իրադրության մեր գնահատականը։ Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում։ Գրագրությունը, նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»։
Փաստմանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվեց ՌԴ ԱԳ նախարարություն, բողոքի նոտա հղվեց, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես ելնում եմ ՌԴ դաշնության իմ գործընկերոջ՝ ՌԴ նախագահի հայտարարություններց։ Մնացածն աշխատանքային գործընթացներ են։ ՌԴ նախագահ, իմ գործընկեր Վլադիմիր Պուտինն ասաց, որ ՀՀ-ի հետ խնդիրներ չկան, ՀՀ վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»։
Հարցին՝ հնարավո՞ր է Գրանադայի հանդիպմանը՝ հոկտեմբերի 5-ին որևէ փաստաթուղթ ստորագրվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ցավոք սրտի, ոչ։ Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա նշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և ուզում ենք հնարավորինս արագ՝ օրինակ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ամեն ինչ անում ենք դրա համար։ Շատ կուզեի ասել, որ՝ այո, պատրաստվում ենք ստորագրել փաստաթուղթ, բայց ցավոք՝ ոչ»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ էներգիա և ժամանակ են ծախսում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հարցով։ Ըստ նրա՝ եթե այդ իրավիճակը չլիներ, այդ էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը։
Հստակեցմանը՝ ստեղծված իրավիճակում մինչև տարեվերջ արդյոք հնարավոր համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի ստորագրում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես պետք է միշտ հնարավոր համարեմ դա, քանի որ ստանձնել եմ քաղաքական հանձնառություն ստորագրել նման պայմանագիր։ Այո, հնարավոր համարում եմ, քանի որ հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի, աշխատում ենք Լաչինի միջանցքի բացման վրա, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման վրա, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վրա»։
Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց Թուրքիայի նախագահի այն առաջարկը, թե պատրաստ է ՀՀ-ի, Ադրբեջանի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կազմակերպել հարաբերությունների կարգավորման համար՝ նշելով, որ դա միակ առաջարկը չէ, որ հատուկ վերաբերմունք արտահայտի։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը նաև հորդորել է Բաքվին բանակցությունների մեջ մտնել Ստեփանակերտի հետ։ Բայց նաև ասաց, որ, ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ օրինակ Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտված է։
Հարցազրույցի ավարտից հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանին նաև հիշեցրին, որ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված մի շարք արձանագրումներ կան, որ վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործում է եղել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Հենց հարցազրույցն ավարտվեց, ձեր հարցերի շարանը սկսվեց, որ ասեք՝ հարցերին չպատասխանեց»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ