Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին․ Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 17,2023 10:56

168․am – Հայաստանը Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին, այս պահին քննարկում է ընթանում։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա ես` որպես տեղեկացված մարդ, կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությանն այդ կապակցությամբ առաջարկ է արվել, հանդիպում է տեղի ունեցել, և աշխատանքն ընթանում է։ Պարզ է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե ՌԴ–ի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով։ Մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են այդ մասին։ Դրանք պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,- ասել է Մարուքյանը։

Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարարությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային կպատասխանի ընթացակարգերի համաձայն։ Անդրադառնալով այդ ֆոնին հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացմանը` Մարուքյանը շեշտել է` դրանք անցկացվում են խաղաղապահ առաքելության շրջանակում։

«Առաջին անգամ անցկացվել են 2011 թվականին, բայց այն ժամանակ հարցեր չեն առաջացել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն և խաղաղապահ առաքելության շրջանակում են անցկացվում, որոնց մասնակցում է նաև մեր երկիրը»,– ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ․–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004 թ․–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930