Այսօր վաղ առավոտից՝ 08:00-ից, մեկնարկել են Երեւանի ավագանու ընտրությունները:
«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն արդեն իր ընտրությունը կատարել է, լրագրողների հետ զրույցում ասաց. «Քվեարկել եմ, որ երեւանցին հնարավորություն ունենա աշխատել եւ ստեղծագործել խաղաղ, անվտանգ քաղաքում»:
Իր հաղթելու շանսերը այս թեկնածուն չի թերագնահատում. «Վստահ եմ, որ կա ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները եւ նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»:
Նրա խոսքով, ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը մշտապես ոչ ցանկալի մակարդակի է լինում, ակնկալվող ակտիվություն չի գրանցվում: Ըստ նրա՝ ընտրողների չմասնակցելը նպաստում է բացակաների հաշվին որոշակի չարաշահումների թույլ տալուն: Բայց տիկին Հարությունյանը վստահ է, որ իր մասնակցությամբ հիասթափված, անտարբեր ընտրազանգվածը այս անգամ նույնպես կմասնակցի ընտրություններին:
Կարդացեք նաև
Եթե ընտրվի քաղաքապետ, տիկին Հարությունյանը խոստացավ իր թիմով բարեխիղճ ծառայել Երեւանին, բայց եթե անհրաժեշտ քվեն չստանա, որ քաղաքապետի պաշտոնն ունենա, պատրաստ են ավագանու կազմում էլ ծառայեն Երեւանին: Հիշեցնենք, որ ընտրությունները կտեւեն մինչեւ երեկոյան ժամը 20:00-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ