Լարվածությունը հայ – ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում պահպանվում է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին», – ընդգծեց Միրզոյանը՝ շարունակելով. «Մենք տեսել ենք մի քանի անգամ ներխուժումներ Հայաստանի Հանրապետության տարածք […] և Հայաստանի տարածքների օկուպացիա, և նաև անընդհատ սպառնալիքներ, ատելության խոսք, նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հումանիտար աղետի եզրին են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, այո, լարվածություն միշտ սպասում ենք»:
Թե ինչ են անում՝ նախարարը մանրամասնեց. «Ակտիվորեն աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, վստահ եմ՝ հետևում եք, տեսնում եք և՛ հայտարարությունները, և՛ կոչերը, իհարկե նաև իրավական որոշումներն Արդարադատության միջազգային դատարանի: Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք՝ Հայաստանի կողմից, վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն: Ուզում ենք տարածքային ամբողջականության ճանաչում, բայց, այո, փոխադարձ, որովհետև գիտեք՝ Ադրբեջանը մե՛ր սահմանները պետք է ճանաչի՝ կա այդպիսի պայմանավորվածություն, բայց մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ մասին հրապարակային հայտարարություններ անել, և այլն, և այլն»:
Երևանն ու Բաքուն կրկին փոխանակեցին խաղաղության պայմանագրի տարբերակներ, պահպանվո՞ւմ են արդյոք հիմնական, սկզբունքային տարաձայնությունները, որոնք հիշատակել է, այս հարցին Միրզոյանն արձագանքեց. «Տարաձայնությունները, այո, պահպանվում են: Անշուշտ, խմբագրությունից խմբագրություն՝ ասել, թե որևէ առաջընթաց չի արվում սխալ կլինի՝ հղկվում է տեքստը, մի անգամ ասել եմ՝ բոլոր կետերն էլ կարևոր են, բայց, այնուամենայնիվ, պայմանականորեն կարող ենք կենսական և ոչ այնքան կենսական կետերի բաժանել այդ տեքստը, և ահա՝ իհարկե, ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան: Պիտի շարունակենք բանակցել, շարունակենք աշխատել»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում