Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը նախորդ տարիների համեմատ այս տարի էական ցածր է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 027 ընտրող կամ 21,36 տոկոսը։
«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե մասնակցության ի՞նչ ցուցանիշի պայմաններում են Երեւանի ավագանու ընտրությունները համարվում կայացած։ «ՏԻՄ եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքով մասնակցության շեմ սահմանված չէ, միայն հանրաքվեների համար կա նման շեմ»,- ասաց Մարիամ Հովեյանը։
Հարցին՝ եթե որեւէ ուժ չհավաքի 50+ ձայն, ի՞նչ գործընթացներ են սպասվում, Մարիամ Հովեյանը պատասխանեց․«Եթե որեւէ ուժ հավաքի 50 տոկոսից ավելի ձայն, ավտոմատ ընտրում է քաղաքապետ։ Եթե որեւէ ուժ չի ստանում 50 տոկոսից ավելի ձայն, քաղաքական ուժերին երկու շաբաթ ժամանակ է տրվելու՝ կոալիցիաներ կազմելու համար, որպեսզի իրենց մանդատները բավարարեն՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ