Լույս է տեսել պատմաբան, դիվանագետ, 1993-1997 թթ. ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի «A Precarious Armenia; The Third Republic, The Karabakh Conflict, and Genocide Politics» («Վտանգված Հայաստան. Երրորդ Հանրապետություն, Ղարաբաղյան հակամարտություն եւ Ցեղասպանության քաղաքականություններ» հատորը, որը ամփոփում է հեղինակի՝ նախկինում հրապարակված եւ անտիպ մի շարք հոդվածներ ու հարցազրույցներ, նոր գրված եւ դեռեւս չհրապարակված վերլուծություններ, որոնք առնչվում են Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունների մեջ առկա մի շարք հիմնարար խնդիրների, հայ քաղաքական մշակույթին առնչվող հարցերի:
Ո՞րն է գրքի հիմնական մեսիջը, ի՞նչ է ուզում ասել հեղինակն այս գրքով: Սրանք առաջին հայացքից կարծես տեղին հարցեր են յուրաքանչյուր գրքի պարագայում, բայց երբ գրքի հեղինակը հայտնի պատմաբան, պրոֆեսոր եւ դիվանագետ է, որն իր ողջ կյանքը ծառայեցրել է հայկական հարցերի ուսումնասիրությանը, երբ հեղինակը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ու գրքեր, ունեցել է անթիվ դասախոսություններ նույն այդ խնդիրների վերաբերյալ, հարցը կորցնում է իր իմաստը:
Ինչպիսի՞ն էր քաղաքական մտածողությունը Երրորդ հանրապետության կառուցման առաջին տարիներին, ինչպիսին էր այն ավելի ուշ եւ մինչեւ մեր օրեր: Արդյոք մենք մասնակի՞ց ենք մեր պատմությանը եւ ինչպիսի՞ մասնակիցներ ենք: Ըստ Ժիրայր Լիպարիտյանի՝ մտածողության մեջ գերիշխող, բայց սխալ մոտեցումը պետության ղեկավարներին եւ Սփյուռքի առաջնորդներին հասցրեց այնպիսի քաղաքականության, որը խաղադրույք կատարեց պատերազմի եւ ոչ խաղաղության վրա: Պատերազմի, որը 2020 թ.-ին հանգեցրեց ցավալի պարտության: Պատերազմի, որից հնարավոր էր եւ պետք էր խուսափել:
Ժիրայր Լիպարիտյանի «A Precarious Armenia; The Third Republic, The Karabakh Conflict, and Genocide Politics» հատորը Հայաստանի Երրորդ Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների մասին է, որոնց նկատմամբ ծայրահեղական, ազգայնական մոտեցումը անհնար դարձրեց դրանց լուծումը:
Կարդացեք նաև
Գրքում զետեղված աշխատությունների մի մասը տեղ է գտել այս հատորից առաջ հրատարակված երկու գրքերում. «Հայաստան-Թուրքիա. Պետականութիւն, Պատմութիւն, Քաղաքականութիւն» (Անտարես, 2021) եւ «Հայաստանի Երրորդ Հանրապետութիւն, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն» (Անտարես, 2022): Գիրքը լույս է տեսել Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հրատարակչությունում:
Օրերս Հայկական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների ազգային ընկերակցությունում (The National Association for Armenian Studies and Research, NAASR) տեղի ունեցավ Ժիրայր Լիպարիտյանի գրքի շնորհանդեսը, որի ընթացքում պատմաբանը դասախոսություն կարդաց եւ պատասխանեց հարցերի:
Հ.Գ. Ստորեւ՝ հանդիպման տեսագրությունը:
Կ.Հ.