Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանադրական․ հայտարարություն

Սեպտեմբեր 16,2023 20:43

Հայտարարություն Սահմանադրական դատարանի հակասահմանադրական վարքագծի վերաբերյալ

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց:

Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց՝ արհամարհելով մասնագիտական բացասական կարծիքները, անգամ անտեսվեցին իշխանության քմահաճույքները սպասարկող ԲԴԽ-ի, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ մարմինների բացասական եզրակացությունները:

Հետամուտ լինելով այս հակասահմանադրական օրենքը չեղարկելու գործին, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ իրացնելով Սահմանադրությամբ  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին վերապահված անվիճելի իրավունքը, 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ ներկայացրեցին այս օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը, քանի որ այս օրենքի գործադրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թեև ի սկզբանե ենթադրվում էր, որ քաղաքական իշխանության կողմից զավթված ՍԴ-ն կաշկանդված է լինելու այս հարցով, սակայն այն ինչ արեց վերջինս վեր է ողջամտության սահմաններից։

Նախ, ՍԴ-ն խախտելով Դիմումի գրանցման/ընդունման Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասի» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի դրույթներով ամրագրված պահանջները, 3-օրյա ժամկետի փոխարեն միայն դիմումը մուտքագրելուց հետո 21-րդ օրը՝ ի դեմս զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանի, գրություն ուղարկեց դիմումատու Ազգային ժողովի պատգամավորներին, որով ոչ ավել ոչ պակաս կասկածի տակ դրեց պատգամավորների կողմից դիմումը ստորագրելու հանգամանքը: Այս աննախադեպ վարքագիծը թեև դիմումը ստորագրած պատգամավորների կողմից համարվեց անընդունելի, այնուամենայնիվ նրանք երկրորդ անգամ ստորագրելով վերահաստատեցին դիմումը իրենց կողմից ներկայացրած լինելու հանգամանքը՝ հուսալով, որ ՍԴ-ն ի վերջո կանցնի Սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործադրմանը:

Տեսնելով, որ հնարավոր չէ այս պրիմիտիվ քայլով հրաժարվել դիմումը քննարկելու և բավարարելու պարտականությունից, ՍԴ-ն 2023թ. սեպտեմբերի 12-ին ապօրինի կերպով ընդունեց աշխատակարգային որոշում (այն հրապարակելով մի քանի օր անց), որով մերժեց դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ իբրև թե դիմողը չի հաղթահարել ՍԴ քննության ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները:

Ընդգծելով իրավական պետությունում Սահմանադրական դատարանի բացառիկ առաքելության կարևորությունը՝ սահմանադրական նորմերի մեկնաբանման միջոցով ապահովել իրավունքի գերակայությունը, փաստում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, հաճախ միտումնավոր կերպով անտեսելով դիմումը վարույթ ընդունելուն և/կամ գործի քննությանը ներկայացվող պահանջները, ցուցաբերելով բացարձակ կամայականություն՝ շեղվում է իր բարձր առաքելությունից:

Նման էժան աճպարարությունը անհամատեղելի է «Բարձր դատարան» պատվավոր կոչմանը: «Պատշաճ հիմնավորում» ստեղծելու նպատակով դատական նիստում քննության ենթակա հարցերը ապօրինի կերպով աշխատակարգային քննարկումներով փոխարինելով՝ աղճատվել է դիմումի բովանդակությունը, աշխատակարգային որոշման մեջ Դիմողի կողմից բարձրացված հարցերը միտումնավոր կերպով մեջբերվել են կոնտեքստից կտրված, չեն ներկայացվել դիմումով բարձրացված բոլոր հարցերը: Ինչի հիման վրա Սահմանադրական դատարանը կատարել է կցկտուր և դեֆորմացված դատողություններ և դատարկ ու անհիմն պնդումներ՝ օգտագործելով նաև Սահմանադրական դատարանին ոչ հարիր բառամթերք: Առ այդ, վերահաստատելով իրավական պետություն կերտելու, իրավունքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների անշեղ գործադրելու հրամայականը՝ Սահմանադրական դատարանի վերը նկարագրված վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանադրական, ինչը ցավալիորեն տարածում է ստանում նաև այլ դատական ատյաններում և իրավապահ համակարգում:

Դիմումի քննության մերժումը գնահատում ենք որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում: Սա փորձ է փաստացի դադարեցնել  իրավական պետության սահմանադրական անփոփոխելի նորմի գործողությունը, ինչն առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն է:

Դիմում ենք իրավունքի գերակայության ապահովման հարցերով զբաղվող և լիազորված տեղական և միջազգային կազմակերպություններին՝  դատապարտել օրվա քաղաքական իշխանության և վերջիներիս կամակատար դատական և իրավապահ մարմինների ու պաշտոնատար անձանց ապօրինի վարքագիծը, ինչպես նաև պահանջել վերջիններից վերադառնալ օրինականության սահմաններ:

Վստահեցնում ենք, որ սահմանադրությունը խախտած բոլոր անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930