Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 98-րդ համերգաշրջանի բացման համերգով տրվեց Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնի մեկնարկը: Այն նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:
Բացման համերգին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Դմիտրի Մասլեեւը, իսկ նվագախումբը ղեկավարեց ճանաչված դիրիժոր Վալենտին Ուրյուպինը:
Հնչեցին Արամ Խաչատրյանի Թիվ 1 Սիմֆոնիան եւ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Որպես բիս նվագախումբը նվագեց Արամ Խաչատրյանի Վալսը՝ «Դիմակահանդեսից»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ շրջանակում ի թիվս այլոց՝ իբրեւ մենակատարներ հանդես կգան դասական արվեստի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Ավգուստին Հադելիխը, Ռամոն Վարգասը եւ ուրիշներ: Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները:
Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ