Սեպտեմբերի 11-ին Ռումինիայի Արտաքին Գործոց նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է․ «Ռումինիայի Արտաքին Գործերի նախարարությունը չի ճանաչում այսպես կոչված «նախագահական ընտրությունները» Ղարաբաղի շրջանում։ ԱԳՆ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր խնդիրների քաղաքական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»։
Ռումինիայի ԱԳՆ հաղորդագրությանն արձագանքեց ու դատապարտեց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ պաշտոնական գրություն հղելով Ռումինիայի ԱԳՆ նախարար Լումինիցա Օդոբեսկուին, որում ասվում է․ «Հարգելի տիկին նախարար, մենք ի գիտություն ենք ընդունել Ռումինիայի Արտաքին Գործերի նախարարության հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) տիրող իրավիճակի վերաբերյալ և որպես Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ ցանկանում ենք խորը վրդովմունք և հիասթափություն հայտնել վերոնշյալ հաղորդագրության մեջ արտահայտված դիրքորոշման վերաբերյալ, որով ԱԳՆ-ն չի ճանաչում Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման և օրինական ու սահմանադրական կարգով նախագահական ընտրությունների կազմակերպման իրավունքը։
Որպես Ռումանիոյ հայոց առաջնորդ մենք խորապես կապված ենք այնպիսի համամարդկային արժեքների, ինչպիսիք են արդարությունը, խաղաղությունը և հարգանքը բոլոր համայնքների ու ժողովուրդների համար։ Մենք ակնկալում էինք, որ Ռումինիան օրինակ կհանդիսանա այս հարցում և կաջակցի Լեռնային Ղարաբաղում հաշտության ու խաղաղության ջանքերին։
Միանգամայն ցավալի և անընդունելի է, որ Ռումինիան, որն ունի հարուստ պատմություն և մշակութային ու էթնիկ բազմազանությունը հարգելու մեծ փորձ, տեսնելով այն վայրագությունները, որոնց ենթարկվում է հայ քրիստոնյա բնակչությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների միջոցով, նման հաղորդագրությունների միջոցով նպաստում է լարվածության սրմանը։
Կարդացեք նաև
Մենք չենք կարող չնկատել, որ այս հաղորդագրությունը հակառակ է ժողովրդավարական այն արժեքներին և սկզբունքներին, որոնցով Ռումինիան նշում է, թե առաջնորդվում է միջազգային հարաբերություններում։ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչելուց հրաժարվելը տեղում իրականության և այս տարածաշրջանի հայ բնակչության տառապանքների նկատմամբ անտեղյակության լուրջ դրսևորում է։
Լիահույս ենք, որ Ռումինիայի կառավարությունը կվերանայի այս դիրքորոշումը և կաջակցի Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ համաձայն մարդու իրավունքների և հայ ժողովրդի օրինական ձգտումների։
Հույս ունենք, որ Ռումինիան կվերանայի այս տեսակետը և հետագայում ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի, իսկ մինչ այդ խնդրում ենք ընդունեք մեր անկեղծ հիասթափությունն ու մտահոգությունը Ռումինիայի Արտաքին Գործերի նախարարության ներկայիս դիրքորոշման վերաբերյալ»։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան