Մայրաբերդյան մանիֆեստը հռչակվել է Արցախի ազատ և արժանապատիվ գոյությանը հետամուտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ կայացած քննարկումների արդյունքում։ Մանիֆեստում ամրապնդվել են հետևյալ հիմնարար և անքակտելի սկզբունքները.
1.Ազատ և արժանապատիվ գոյություն
Արցախի ազատ և արժանապատիվ գոյությունը բացարձակ արժեք է: Արցախի ինքնորոշումն ընդունելի է միայն 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` «ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին» որոշման շրջանակներում: Արցախի ինքնորոշման վերջնանպատակը` Մայր Հայաստանի հետ վերամիավորումն է: Արցախի անկախությունն ընդունելի է միայն որպես կարճաժամկետ միջանկյալ միջոց:
Անընդունելի է` որևէ անհատի, կազմակերպության կամ քաղաքական ուժի կողմից հակադրության ստեղծումը ՀՀ և Արցախի միջև, ՀՀ նկատմամբ թշնամանքի տարածումը, Մայր Հայաստանից բացի այլ պետության կազմում Արցախի գտնվելու ուղղությամբ քարոզչության կամ նպատակաուղղված գործողությունների իրականացումը:
Կարդացեք նաև
2.Հայկականություն
Արցախում հայ բնակչությունը, հայոց լեզուն, հայկական մշակույթը պետք է լինեն բացարձակ գերակա: Արցախում պետք է ամրագրված լինի հայկական նյութական և ոչ նյութական մշակույթի անձեռնմխելիությունը: Արցախում պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում հայոց լեզուն պետք է ունենա բացարձակ կարգավիճակ:
Անընդունելի է որևէ անհատի, կազմակերպության կամ քաղաքական ուժի կողմից տարանջատում որևէ հայի նկատմամբ՝ ըստ ծննդավայրի, բարբառի, դավանանքի կամ համոզմունքների, ինչպես նաև Արցախում ապրող ազգային կամ դավանական փոքրամասնությունների նկատմամբ ազգամիջյան ատելությունը կամ դրա տարածումը: Անընդունելի է նաև Արցախի հայկականության, Արցախում հայկական մշակույթի և հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ որևէ գործողություն:
3.Հայրենատիրություն
Արցախի ողջ տարածքը` Մռավյան լեռնաշղթայից մինչև Արաքսի հովիտ անսակարկելի են: Արցախի ժամանակավորապես ռազմակալված տարածքներն Արցախի անբաժանելի և անօտարելի մասն են:
Արցախի բնակչությունը` հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի հարատև, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք:
Անընդունելի է որևէ անհատի, կազմակերպության կամ քաղաքական ուժի կողմից հրաժարվելն Արցախի ժամանակավորապես բռնազավթված տարածքներից, ինչպես նաև` արցախա-ադրբեջանական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելը:
4.Հայրենիքի պաշտպանություն
Հայկական Արցախը բարձրագույն և անգերազանցելի արժեք է: Արցախի քաղաքացիներն իրավունք ունեն իրենց հասու բոլոր միջոցներով պաշտպանելու Արցախի ազատությունը և հայկականությունը: Արցախի ցանկացած քաղաքացու սրբազան պարտքն է Հայրենիքի անձնվիրական պաշտպանությունը բոլոր թշնամիներից` արտաքին և ներքին:
Անընդունելի է որևէ անհատի, կազմակերպության կամ քաղաքական ուժի կողմից այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք վտանգ կպարունակեն Արցախի հայկականության կամ ազատ գոյության դեմ: