Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրին միացել է չափազանց որոշակի վերապահումներով, իսկ վերապահումներն էլ ամրագրված են օրենքի ուժ ունեցող, տակավին գործող փաստաթղթով․ «Փաստ»

Սեպտեմբեր 16,2023 09:27

Փորձելով հակադարձել Ռուսաստանի ղեկավարության այն հայտարարություններին, որ հենց Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կրկին անցավ իր սիրելի «զբաղմունքին»՝ պատասխանատվությունից «թռնելուն» կամ այն իր վրայից «գցելուն»: Փաշինյանի կանխատեսելի ու արդեն հինավուրց ձայնապնակի նման «խազ ընկած», նոր սերնդի համար՝ «վիրուսակիր» պատասխանն այն է, թե՝ ինքն ի՜նչ կարող էր անել, եթե 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ ներառյալ: Այս ընթացքում, նկատենք, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները բազմիցս ոչ միայն հերքել են Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած նման հայտարարությունները, այլև առանձին դեպքերում բավականին կոշտ հակադարձել են:

Այդ կոշտ հակադարձումների ամփոփ բովանդակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է և մանիպուլյացիա է անում (և դա՝ դեռ չափազանց մեղմ վերաձևակերպմամբ, իրականում գնահատականներն ավելի կոպիտ են եղել): Այս անգամ էլ բացառություն չէր:

Առհասարակ, այդ չարչրկված Ալմա-Աթայի հռչակագիրը վերաբերում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մի քանիսի կողմից Անկախ պետությունների համագործակցության ձևավորմանը: Հարկ է նկատել, որ ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրին նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամանակներում են «միացել» կամ այն ստորագրել: Մի բան, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռացության» է մատնում:

Երկրորդ, որ ամենից կարևորն է. Հայաստանը այդ հռչակագրին միացել է չափազանց որոշակի վերապահումներով, իսկ վերապահումներն էլ ամրագրված են օրենքի ուժ ունեցող, տակավին գործող փաստաթղթով: Վերապահումների իմաստը, էությունը, «աղը» (ում ինչպես հարմար է) այն է, որ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը» չի՛ տարածվում ԽՍՀՄ նախկին ինքնավարությունների վրա, որոնք իրենց անկախությունը հռչակել են ԽՍՀՄ օրենքների համաձայն: Այդ վերապահումը ուղղակիորեն Արցախի մասին է, քանի որ 20-ականների սկզբին, այն էլ՝ կուսակցական մարմնի որոշմամբ, Ադրբեջանին «կցված» Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հենց ԽՍՀՄ կազմում եղած ինքնավարություն էր, որը 1991թ. սեպտեմբերի 2-ին իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքների տառին ու ստորակետին առավել քան համապատասխան: Նիկոլ Փաշինյանը միանգամայն կանխամտածված կերպով այս մասին (վերապահումների) ընդհանրապես ծպտուն չի հանում:

Մինչդեռ, եթե մի փաստաթղթի մասին խոսում ես, այն վկայակոչում ես, ապա գոնե պիտի դա ամբողջական անել: Արժե այն էլ ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրում, եթե անգամ ընդունենք, որ այնտեղ անվերապահորեն «տարածքային ամբողջականության» մասին է միայն ասված (ինչն այդպես չի, արդեն նշեցինք), միևնույնն է, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին ոչ մի թիվ չկա: Փաշինյանը, որ այդպես հաճույքով, պատրաստակամորեն, անընդհատ Ալիևին բավարարող 86 600 քառակուսի կմ-ից է խոսում՝ դա կապակցելով իր սիրելի «տխրա»-հռչակագրի հետ, կարո՞ղ է այնտեղ այդ թիվը ցույց տալ, հանել-կոխել չուզողների աչքը: Կարո՞ղ է:

Վերջապես, երրորդ՝ ամենից ցցուն ու ակնհայտ իրողությունը. եթե Արցախի խնդրում ամեն ինչ այդքան պրիմիտիվ ու հեշտ էր, ու Հայաստանն էլ, իբրև թե, դեռ 1991-ին «ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը», ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես դայլայլում է նրա քարոզչամեքենան, հապա էլ ի՞նչ էին մի 30 տարի բանակցում բոլոր այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահները: Էհ, միանգամից կասեին՝ բանակցելու բան էլ չկա, ճանաչել-պրծել եք, «ցրվեք տներով»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930