Անցած հինգշաբթի եւ ուրբաթ օրերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում էի՝ սկզբից սիմֆոնիկ, այնուհետեւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի համերգներին: Երկուսի ղեկավարներին էլ ջերմ եմ վերաբերվում, հատկապես ուրախ էի Սերգեյ Սմբատյանին տեսնել այնտեղ, որտեղ նա պետք է լինի՝ դիրիժորական վահանակի մոտ:
Եվս մեկ անգամ հասկացա, թե որքան կարեւոր է, որ անվտանգային լուրջ սպառնալիքների պայմաններում, քաղաքական թոհուբոհի մեջ շարունակվի մշակութային, հոգեւոր կյանքը: Կարեւոր է նաեւ, որ լինի սոցիալական որոշակի շերտ (հասկանում եմ, որ դա չի կարող լինել մեծամասնություն), որը հասարակական խնդիրները քննարկում է բարձր՝ ոչ քաղքենիական չափանիշներով:
«La politique est faite pour la canaille» (մոտավորապես՝ քաղաքականությունը ստեղծված է սրիկաների համար), – գրում էր իմ սիրելի գրողներից մեկը՝ Գյուստավ Ֆլոբերը: Իհարկե, չափից դուրս խիստ է ասված՝ մարդկանց որոշակի խմբեր պետք է պայքարեն իշխանության համար, եւ մենք՝ քաղաքացիներս, պետք է որոշակի չափով հաղորդակից լինենք այդ պայքարին: Բայց բացի politics-ից (իշխանության համար պայքարից), կա նաեւ policy: Դեռեւս Արիստոտելն է դա բնութագրել որպես ընդհանուր բարիքի որոնում:
Իսկ այդ փնտրտուքը ենթադրում է որոշակի մակարդակի երկխոսություն: Ֆեյսբուքյան կսմիթների մթնոլորտը, որում մենք ապրում ենք, եւ որում ներկայիս իշխանությունն իրեն զգում է, ինչպես ձուկը՝ ջրում, նման երկխոսությունը բացառում է: Մեծ հաշվով, այն բացառում է նաեւ մշակութային, հոգեւոր, էթիկական արժեքների դերակատարությունը: Բայց ո՞վ է ասել, որ պետք է կուլ գնալ այդ մթնոլորտին:
Կարդացեք նաև
Այդ առիթով հիշեցի մի հրապարակային երկխոսություն, որը տեղի է ունեցել նախորդ դարի վերջում գրող Ումբերտո Էկոյի եւ կարդինալ Մարտինիի միջեւ: (Բանավեճն այնուհետեւ հրապարակվել է առանձին գրքով եւ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով): Ագնոստիկը եւ Վատիկանի հայտնի գործիչը քննարկում են հավատի հետ կապված խնդիրներ: Բայց ինչպե՞ս: Առանց հռետորական հնարքների, առանց կենցաղային հակադրությունների, առանց իրար համոզմունքները մերժելու: Հենց առաջին նամակում իտալացի գրողը, որը նաեւ միջնադարյան աստվածաբանության մասնագետ է, առաջարկում է «ավելի բարձր նշան բռնել»:
Ինչ խոսք, դա դժվար է: Մանավանդ մեր դեպքում, երբ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, իսկ քո իշխանության կեցվածքն ու ունակությունները ոչ մի լավ բան չեն խոստանում: Այնուամենայնիվ, պետք է մտածել հեռանկարային, ոչ այսրոպեական լուծումների մասին եւ քննարկել, վիճել դրանց վերաբերյալ՝ բարձր նշանաձող սահմանելով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե իսկական կառավարությունը պետք է ժողովրդի ծնողը լինի՝ դաստիարակի ու կրթի իր ժողովրդին, նմանապես, իսկական մտավորականությունը պետք է լինի իսկական կառավարության ծնողը՝ դաստիարակի ու կրթի իր իսկական կառավարությանը, ստացվում է, մտավորականությունը՝ ժողովրդի տատիկ պապիկներն են 🙂 Մենք ունենք իսկական մտավորականության լիքը ներկայացուցիչներ, որոնք էլ պետք է ժողովրդին ներկայացնեն մտավորականության կողմից դաստիարակված ու կրթված ստվերային կառավարություն: Իսկ ո՞ւմ կողմից են դաստիարակվել ու կրթվել կառավարման այսօրվա թեկնածուները, էլի սպասենք, որ ընտրարշավի ժամանակ ինչ որ անհասկանալի այլմոլորակայիններ մոլորեցնեն մեր սիրելի ժողովրդին ընտրակաշառքներով ու դատարկ տեղը դուխ տալով, իսկ իշխանության գալով՝ ժողովրդի քթից հազարապատիկ հանեն այդ ծախսված ընտրակաշառքներն, դուխն էլ նշաձողի հետ իջեցնեն: Մեղավոր է մեր իսկական մտավորականությունը, հիմա նրանց հիմնական առաջարկն է. ժողովուրդ, ոչ մեկին մի ընտրեք: Բնական է, դուք ոչ մի խելքը գլխին ստվերային կառավարություն չստեղծեծիք, որ այսօր ժողովրդին ներկայացնեք: Եւ սա վերաբերում է ոչ միայն մայր երկրի քաղաքացիներին, այլեւ սփյուռքի բոլոր ազգակիցներին ու համակիրներին: Թեկնածուների մեջ նույնպես կան շատ արժանի մարդիք, որոնց ես կընտրեի անհապաղ, եթե ուրիշի դրածոն չլինեին, շատ ափսոս, ուրիշները գործ են անում, մեր լավագույներից իրենց համար ստվերային կառավարություն են ստեղծում, իսկ մեր մտավորականությունը ստվերային կառավարության անհրաժեշտություն չի զգում: Այս պայմաններում ընտրությունը շատ ավելի սուղ է եւ կառաջարկեի ընտրել եղածների միջից մտավորականության կողմից ամենակառավարելիին, ով կարծում եմ դրածո չի եւ բավական խելոք գաղափարներ ունի, կուզեի որ երեւանցի կամ գոնե լենինականցի լիներ, բայց ոչինչ, ես հրաշքներին հավատում եմ, եթե մեր մտավորականությունը նրան ոչ միայն սատարի, այլ ստիպի զբաղվել ժողովրդի դաստիարակությամբ ու կրթությամբ, մեծ առաջընթաց կունենանք: Չնայած շանսերը համարյա զրո են, բայց առաջարկում եմ ընտրել նախկին վարչապետին: