Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ խոհարարի կծվի «նոտաներով» պատրաստված տորթը հավանել են

Սեպտեմբեր 16,2023 12:30

Հարցազրույց միջազգային մրցույթի դափնեկիր Լիանա Մելքոնյանի հետ

– Լիանա, այս տարի Հայաստանում առաջին անգամ անցկացված երիտասարդ ուսանող խոհարարի միջազգային մրցույթում ճանաչվել եք հաղթող։ Գիտենք, որ այս տարի եք ավարտել Երեւանի հայ-հունական պետական քոլեջը։

– Այո։ Հավելեմ, որ մրցույթը կազմակերպել էր Հայաստանի խոհարարների ասոցիացիան (հիմնադիր՝ Արբի Ղարախանի), որը մեր երկրում ոլորտի միակ պաշտոնական ներկայացուցիչն է։ Իսկ ժյուրիի բոլոր անդամները հրավիրված էին արտերկրից՝ Շվեդիայից, Բուլղարիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ այլն։

– Հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը վերջերս մեզ հետ զրույցում հայտնեց, որ մրցույթում հաղթելուց հետո ձեր առջեւ բացվել են նոր հնարավորություններ։

– Եկող տարվա սկզբին՝ հունվարին, մասնակցելու եմ Հնդկաստանում 2016-ից ավանդաբար անցկացվող եւ հեղինակություն վայելող Young Chuck Olympiad մրցույթին, որտեղ միակ ներկայացուցիչն եմ լինելու Հայաստանից։ Նշեմ, որ այս մրցույթը տարբերվում է արտերկրում անցկացվող նման միջոցառումներից նրանով, որ մինչ մրցույթը յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է շեֆ խոհարար՝ պատրաստվելու նպատակով։ Ինձ հետ հոկտեմբերից պարապմունքներ կանցկացնի մեր հայրենակից, ամերիկաբնակ ճանաչված շեֆ խոհարար Արբի Ղարախանին։ Նշեմ նաեւ, որ մրցույթին մասնակցելու են խոհարարներ աշխարհի շուրջ 60 երկրից։ Ի դեպ, 2022թ., դարձյալ Հնդկաստանում անցկացվող Boss Challenge մրցույթում հաղթողը մեր համերկրացին էր՝ Գոռ Ավետիսյանը։ Իսկ այդ մրցույթի շրջանակներում Արբի Ղարախանին ճանաչվել է լավագույն մենթոր։

– Հետաքրքիր է՝ հայաստանյան մրցույթում ո՞ր ուտեստի պատրաստման համար է ժյուրին ձեզ ճանաչել լավագույնը։

– Մրցույթի պարտադիր պահանջներից էր եվրոպական ուտեստների պատրաստումը՝ ֆրանսիական կրեմ կարամել, իտալական տարտ տանձով։ Երկու ուտեստն էլ ներկայացրել եմ իմպրովիզ եղանակով։ Մասնակիցներին նախապես հատկացրած բաղադրիչներով պատրաստել էի հավով եւ բանջարեղենով ռոլ ու սնկով եւ սպանախով ռավիոլի։

Սնկով եւ սպանախով ռավիոլի

– Պարզ է, որ նման գնահատականի արժանանալու համար անհրաժեշտ էր լավ, գոհացնող սնունդ պատրաստել։ Իսկ ընդհանրապես ո՞րն եք համարում լավ սնունդ։

– Այն սնունդը, որը պարունակում է վիտամիններ, ածխաջրեր, սպիտակուցներ… նաեւ համեղ է ու հաճելի տեսք ունի։


Ֆրանսիական կրեմ կարամել

– Բայց հնարավոր է, չէ՞, ուտեստը գոհացնի մեկին, բայց տասին դուր չգա։

– Իհարկե։ Այ, հենց այստեղ է ի հայտ գալիս շեֆ խոհարարի բարձր որակները՝ ուտեստը պատրաստել այնպես, որ բոլորին հաճելի լինի համտեսելը։

– Խոհարարական արվեստը՝ ինչպես մշակույթի այլ ճյուղեր, ենթադրում է իմպրովիզ, ինչի արդյունքում չի բացառվում, որ ստեղծվի նոր կերակրատեսակ։

– Չեմ կարող ասել, թե ստեղծել եմ նոր ուտեստ, բայց, օրինակ, պատրաստել եմ տորթ՝ օգտագործելով կծվի նոտաներ։ Կարող եմ փաստել, որ այն դուր է եկել ընտանիքիս անդամներին, շրջապատիս։

– Սովորաբար զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է լինում տվյալ երկրի խոհանոցը…

– Այո, զբոսաշրջիկները երկրին ծանոթանում են նաեւ խոհանոցի միջոցով, փորձելով միանգամից շատ բան համտեսել։ Նկատեմ, որ սնունդը միայն հագենալու համար չէ։ Համեղ սնունդը բարձրացնում է մարդու տրամադրությունը, ինչ-որ տեղ էլ՝ լիցքաթափում եւ այլն։

– Ժամանակակից գաստրոնոմիայի համար կարեւոր է եւ նորը, եւ ավանդականը։ Այդ երկու բեւեռները դուք ինչպե՞ս եք համատեղում։

– Յուրաքանչյուրն իր տեղն ունի։ Ինձ համար ավանդականն առաջնային է։ Բայց դա չի նշանակում սահմանափակվել միայն ավանդականով։ Ինձ հետ պատահել է, օրինակ, որ պատրաստել եմ իտալական ռիզորտո եւ ձեւավորել հայկական կանաչեղենով։

– Շեֆ խոհարարները սովորաբար ունենում են թիմ…

– Ես դեռ թիմային աշխատանք չեմ վարում, այն ունենալու համար ժամանակ ու փորձառություն է անհրաժեշտ։ Առանց փակագծեր բացելու ասեմ, որ 2024թ. վարպետության դասեր ստանալու նպատակով մեկնելու եմ Բուլղարիա։

– Մեզ հետ զրույցներում խոհարարները մշտապես հաստատելով, թե սննդի ոլորտը թեեւ շահութաբեր է, բայց չեն մոռանում նշել, որ աննկարագրելի տառապանք է պահանջվում։

– Միանշանակ համամիտ եմ։ Տեսեք՝ բոլոր խոհարարները, անկախ տարիքից, ունեն հոդացավ. դա կարծես պարտադիր պայման է մեր մասնագիտության մեջ։ Իգական սեռի ներկայացուցիչները հակված են գիրանալու, կոպտանում են ձեռքերը… Տարօրինակ կհնչի, բայց խոհարարները՝ թե կին, թե տղամարդ, ուշ են ընտանիք կազմում, հիմնական պատճառը ժամանակի սղությունն է, եւ այլն, եւ այլն։ Բայց միեւնույն է, գիտակցում ես, որ մարդկանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է քո մասնագիտությունը։ Այսինքն՝ տառապանքն ու հաճույքը մեր արվեստում զուգահեռ են։

– Հաճախ ենք լսում՝ այս կերակուրը չեմ սիրում կամ՝ հակառակը։ Դուք ունե՞ք նախընտրելի կամ սիրած ուտեստ։

– Կներեք, բայց այդ հարցը վիրավորական է խոհարարներին ուղղելը։ Խոհարարները չունեն նախընտրած ուտեստ, մեզ համար ցանկացած ուտեստ արվեստի գործ է, քանի որ այն սիրով է պատրաստվում։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930