Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակակից պարը նույնպես ունի դասական հիմք»

Սեպտեմբեր 16,2023 12:00

Ասում է պարարվեստի ռեժիսոր Անահիտ Ենոքյանը

Անահիտ Ենոքյանի համար պարարվեստը կենսակերպ է ու կյանքի իմաստ, ճակատագրական «ախտորոշում» ու անկրկնելի աշխարհ։ Պարարվեստի երիտասարդ ռեժիսորի ներշնչանքի աղբյուրն ընկերներն են, ընտանիքն  ու աշխատանքը։ Պարարվեստով զբաղվել է դպրոցական տարիքից, այլ ընտրություն պարզապես լինել չէր կարող։  Ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, ապա ԵԹԿՊԻ-ի բակալավրիատը։ Այժմ սովորում է նույն բուհի մագիստրատուրայի վերջին կուրսում։ Պարարվեստի ռեժիսուրայի գաղտնիքներն Անահիտի համար բացահայտել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

Երիտասարդ մասնագետն այժմ աշխատում է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես խորեոգրաֆ։ Իսկ Երեւանի տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլեջում դասախոսում է  «Պարարվեստի պատմություն», «Բալետմայստերի վարպետություն», «Ժամանակակից պար» առարկաները: Պար եւ բեմական շարժում է դասավանդում «ԵՎ» շոու դպրոցում:

«Հայ ստեղծագործող երիտասարդն այսօր ունի հարթակի խնդիր, խոսքը պրոֆեսիոնալ պարային հարթակի մասին է, հստակ մասնագիտացված թատրոնի եւ ամենակարեւորը՝ որակյալ կրթության: Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ ստացել եմ մասնագիտական որակյալ կրթություն եւ չեմ ունեցել հարթակի խնդիր, քանի որ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնն այժմ հանդիսանում է այն հարթակը, որտեղ ստեղծագործ երիտասարդները պրոֆեսիոնալ գործունեություն են ծավալում»,-ասում է զրուցակիցս։


Անահիտը բեմադրել սկսել է դեռ ուսանողական տարիներից։ Ավարտական աշխատանքը եղել է «Լավագույնը քաղաքում» մյուզիքլը, որը դարձել է նրա այցեքարտը դեպի մասնագիտական դաշտ: Որպես պարերի բեմադրիչ մասնակից է եղել «Զառանցանք երկուսով», «Չարլին եւ շոկոլադի գործարանը», «Բրեմենյան երաժիշտները», «Տապանի մոտ ժամը ութին», «Ճառ ասե՞նք, թե՞…», «Բարի լույս, հրեշտակս», «Եվս մեկ Ջեկսոն» եւ այլ սիրված ներկայացումների բեմադրական աշխատանքներին։ Խաղացել է «Սպանված աղավնի», «Դորիան Գրեյի դիմանկարը», «Լուցկի վաճառող աղջիկը», «Մարիա դե Բուենոս Այրես», «Չիկագո» եւ մի շարք այլ պարային ներկայացումներում։


Հարցիս, թե կերտած պարային կերպարներից որի «հետքն» է երկար մնացել իր կյանքում, զրուցակիցս պատասխանում է. «Երկար է մնացել եւ, կարծում եմ, դեռ մնալու է «Չիկագո» ներկայացման մեջ կերտած կերպարս` Ռոքսին, որը շատ գունեղ ու առինքնող կերպար է, եւ որին ինքս շատ եմ սիրում: Մյուս դերերիս էլ վերաբերվել եմ մեծ սիրով ու պատասխանատվությամբ, բայց նրանք նույն հետքը չեն թողել իմ կյանքում»։

Զրուցակիցս վստահեցնում է՝ ցանկացած նորություն ընդունում է մեծ ոգեւորությամբ, բայց այն կարծիքին է, որ նորարարության հիմքում, ի վերջո, դասականությունն է. ամեն նորը պայմանավորված է լավ, ամուր հիմքով։

«Այսօր ամբողջ աշխարհում տարածված ժամանակակից պարը նույնպես ունի դասական հիմք։ Կարծում եմ՝ ինքնատիպ, յուրօրինակ աշխատանք կատարելու, նորարարական մոտեցումներ հանդես բերելու համար հիմքերը քանդել չի կարելի, պետք է պահպանել եւ արդեն փորձվածի վրա կառուցել նորը»,-համոզված է զրուցակիցս։

Անահիտ Ենոքյանը ստեղծագործական կյանքի ճանապարհին չի բացառում վերելքներն ու անկումները: Վստահ է՝ դրանք ամրացնում են մասնագետին, ավելի ուժեղ դարձնում։ Իր առաքելությունն ու նպատակն անփոփոխ է՝ հայ ժամանակակից պարարվեստին հստակ քայլերով նոր շունչ հաղորդել, պարի միջոցով սեր, խաղաղություն ու համամարդկային արժեքներ քարոզել եւ այդ ամենը ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ օտարերկրացիներին։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930