Վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ դիտորդական կազմակերպությունների քննադատությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանել էր, թե երբ պնդում ես, որ որևէ մեկը չարաշահել է վարչական ռեսուրս՝ պետք է գոնե նշես «Ընտրական օրենսգրքի» կոնկրետ այն հոդվածը, կետը, ենթակետը, որով նախատեսված կանոնը խախտվել է։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ի պատասխան քննադատության, թե հղում չկա այն կանոններին, որոնք խախտվել են՝ ասաց․ «Քրեական օրենսգիրք․ հոդված 211, մաս 2-րդ կետ 3-րդ։ Ավելի հստակ կարո՞ղ է լինի»։ Նշենք, որ այդ հոդվածն է «Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը», իսկ մատնանշված կետը վերաբերում է արարքին, որը կատարվել է «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»։
«Իրենք ստեղծել են իրենց համար մրցակցային առավելություններ՝ պաշտոնով պայմանավորված»,– պնդեց Դանիել Իոաննիսյանը՝ փաստելով, որ այդ մրցակցային առավելություններն արտահայտվել են մասնավորապես Երեւանի քաղաքապետարանի եւ Հանրային հեռուստաընկերության մեդիա ռեսուրսներն ծառայեցնելով հօգուտ Տիգրան Ավինյանի։
«Անկախ դիտորդի» միջանկյալ զեկույցում նշվում է, թե «Կոլեկտիվների, ուղղորդված խմբերի մասնակցությունը վերահսկում են «ձայնային ձեռներեցները», որոնք ունեն իրենց պատասխանատվության տարածքների հստակ սահմանները, թե որ բակը կամ թաղը որ խմբի պատասխանատվության տիրույթում է»։ Պնդում կա նաեւ, թե այս խմբերում ներգրավվածների զգալի մասը 2017թ․ Երևանի ընտրություններում ներառված էին ՀՀԿ–ի օգտին աշխատանքներում։ Եվ Դանիել Իոաննիսյանը հաստատական պատասխանեց հարցին, թե արդյոք կկարողանա՞ն փաստերով դատարանում ապացուցել իրենց այս պնդումների ճշմարտացիությունը․ «Եվ «ձայնային ձեռներեցների» («տասովշչիկ» բառն այդպես ենք թարգմանել) գործունեությանը դեռ կանդրադառնանք քվեարկության օրվանից հետո։ Ենթադրում եմ, որ քվեարկության օրվա արդյունքներով ավելի շատ նյութ կունենանք են «ձայնային ձեռներեցների» մասին խոսելու եւ ավելի մանրամասն»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ «Եթե կպարզվի, որ Հայաստանի Հանրապետության որեւէ մակարդակի որեւէ պաշտոնյա որեւէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից»՝ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը շատ նրբանկատորեն, շատ նրբորեն իջեցնում է «պլանկան»։ Դա արարք է, որի համար պետք է մինչեւ 6 տարով ազատազրկել եւ ոչ թե գործից ազատել։ Բանավոր մակարդակով, բայց նա մեղմացնում է պատժի «պլանկան»։
Կարդացեք նաև
Հաղորդման մյուս հյուրը՝ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադառնալով Տիգրան Ավինյանի հակափաստարկին, թե «Երբ մենք ասում ենք, որ Երեւան քաղաքում հիմնանորոգում ենք պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, կառուցում ենք դպրոցներ, հիմնանորոգում ենք տասնյակ մանկապարտեզներ, էդ մարդիկ էնտեղ աշխատում են, շատ մարդիկ։ Երբ մենք ասում ենք, որ մանկապարտեզներում դաստիարակից մինչեւ տնօրեն բոլորի աշխատավարձերը վերանայում ենք, ո՞նց եք կարծում, այդ մարդկանց թվում մեր աջակիցները կան, թե՞ չկան», ասաց․ «Տեսականորեն՝ իհարկե, կարող էին գալ։ և, իհարկե, հնարավոր է, որ շատ մարդիկ սատարում են ու պատրաստ են գնալ հավաքների։ Բայց տեսնում ենք՝ կոլեկտիվներով գալիս են եւ առանձնապես երջանիկ ու ոգեւորված դեմքերով չեն այդ մարդիկ, որոնք եկել են սատարելու՝ նրանց դեմքերի արտահայտությունից ավելի շատ երեւում է, որ պարտք են կատարում ինչ-որ մեկի հանդեպ։ Կարող է՝ իրենք են իրենց առաջ դրել այդպիսի պարտավորություն։ Կարող է՝ իրենց պարտադրել են։ Շատ դժվար է, իհարկե, դա ստուգել ու հասկանալ՝ որքանով է դա եղել հարկադրանք»։
«Ականատես»-ը մտահոգություն էր հայտնել ՔՊ–ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման դրսևորման առիթով եւ կոչ արել ՀՀ գլխավոր դատախազություն-ը և ԿԸՀ–ին «կատարել պատշաճ ուսումնասիրություն և ձեռնարկել քայլեր՝ կանխելու նմանատիպ վարքագծի հնարավոր ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»։ Հարցին, թե ի՞նչ եղավ հետո՝ Սոնա Այվազյանը պատասխանեց․ «Իրավապահ մարմիններից դեռեւս արձագանք չունենք։ Մի դեպքում ԿԸՀ–ն ընթացք տվեց մեր պահանջին՝ պետության կողմից ֆինանսավորվող գործակալության՝ «Արմենպրեսի» կայքում տեղադրված Տիգրան Ավինյանի գովազդն առանց լուսագրի վերաբերյալ, թե դա նախընտրական քարոզչություն է․․․ Բայց այլ ընթացք իրավապահ մարմինների կողմից, անկեղծ ասած, չեմ հիշում»։
«Նախընտրական քարոզչության ընթացքում, ցավով եմ նշում սա՝ կարող ենք արձանագրել, որ արդար մրցակցությունը խախտվել է։ Լավն այն է, որ եղել է մրցակցություն եւ բավականին դինամիկ է եղել,– գնահատեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչը։– Արդարությունը խախտվել է հենց վարչական ռեսուրսների չարաշահման պատճառով, ցավոք։ Իհարկե, ուրիշ խախտման եղանակներ էլ կան, երբ որ մեծ ռեսուրս ունեցող քաղաքական ուժն ավելի շատ է ներդնում ռեսուրսներ, եւ ավելի շատ քարոզչանյութեր տարածում՝ ոչ ճիշտ վայրերում եւ այլն։ Այդպիսի դրսեւորումներ էլ կան։ Բայց այստեղ առանցքայինը վարչական ռեսուրսն է, որովհետեւ առանցքայինն, ի վերջո, իշխանությունների պահվածքն է, քանի որ իրենք են, որ պետք է կանոններ սահմանեն, եւ իրենք է, որ պետք է օրինակ ծառայեն։ Եվ ցավալիորեն՝ իրենք են առաջիններից մեկը, որ կանոնները խախտել են»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ