24 news-ին տված հարցազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադառնալով նախընտրական քարոզչության ժամանակ դիտորդական առաքելությունների արձանագրած խախտումներին՝ կասկածի տակ էր դրել դրանց անաչառությունը եւ կասկածելի՝ նրանց տրամաբանությունը․ «Այն կազմակերպությունները, որոնք այդ տվյալները ներկայացնում են, բացարձակապես հեղինակավոր չեն, իրենց անաչառության հետ կապված կան խորքային լուրջ խնդիրներ[…] Ես ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ց ենք դրանք ֆինանսավորվում»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը պատասխանելով դիտարկմանը, թե քաղաքացիական հասարակության մաս կազմող իրենց կազմակերպություններն անցած տարիների ընթացքում բավական փոխհամագործակցաբար էին աշխատում իշխանության հետ եւ լոյալ էին տրամադրված՝ այս ի՞նչ «սեւ կատու» անցավ իրենց միջով, որ այսպիսի կտրուկ գնահատականների արժանացան՝ ասաց․ «Չէի ասի, թե «սեւ կատու» է անցել։ Մենք միշտ քննադատել ենք այն երեւույթները, որոնք համարել ենք սխալ եւ միշտ աջակցել ենք այն դրսեւորումներին, որոնք համարել ենք ճիշտ։ Այսինքն՝ այդ առումով ոչ մի խնդիր չի եղել։ Պարզապես տեսնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում եղած խնդիրները եւ արտահայտելով մեր քննադատությունը` հավանաբար դա դուր չի եկել քննադատման առարկա հանդիսացող քաղաքական ուժին կամ ուժերին եւ դա է պատճառը, որ նրանք այդպես նեղվել են կամ փորձում են արդարանալ կամ էլ ընդհանրապես չեն արդարանում ու ավելի շատ փորձում են մեզ վարկաբեկել։
Բայց ես դա այդպես չէի ամփոփի, որ հենց «սեւ կատու» է անցել։ Անշուշտ, ընտրությունների որակը շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե որքանով են լեգիտիմ իշխանությունները, որոնց հետ աշխատում ենք։ Բայց քաղհասարակությունը, հատկապես այն կազմակերպությունները, որոնք հանրային քաղաքականության ոլորտում են աշխատում՝ մենք անխուսափելիորեն ստիպված ենք շփվել քաղաքական գործիչների կամ պետական, տեղական ինքնակառավարման կառույցների հետ։ Այդ առումով՝ նույնիսկ եթե կլինեն տարաձայնություններ՝ շփումը, համագործակցությունը կամ հարաբերություններն անխուսափելի են եւ պետք է տեղի ունենան»։
Հաղորդման մյուս հյուրը՝ «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ավելի ուշ հարց ուղղեց Տիգրան Ավինյանին․ «Լո՞ւրջ։ Ավինյանը չգիտի, թե Իրազեկ քաղաքացիների միավորումը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը որտեղի՞ց են ֆինանսավորվում․․․ Տիգրան ջան, մտնում ես կայք ու նայում ես, եթե դու իրոք չգիտես, թե մենք որտեղից ենք ֆինանսավորվում։ Եվ ի տարբերություն ՔՊ–ի, որ մինչեւ հիմա չգիտենք, թե քարոզարշավի համար ով է փող տվել ու ինչքան է տվել՝ մեզ, թե ով է փող տվել ու ինչքան, ամեն ինչ կա կայքում գրված»։
Կարդացեք նաև
Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ վարչական ռեսուրսի չարաշահման եւ քարոզարշավի ընթացքում նկատված այլ խախտումներին։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ