«Ասեք, կանենք։ Այս կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում։ Դրանցից առաջինը հետեւյալն է, որ Երեւան քաղաքում ասողը Երեւան քաղաքի ընտրողն է, ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու։ Եվ երկրորդը, համայնքի, մայրաքաղաքի ոգու ամենակարեւոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը։ Եվ մենք ուզում ենք, որ երեւանցին մասնակցի Երեւանի նոր ծաղկունքին, վերածննդին, նոր վերելքին։ Դրա համար ենք ասում՝ ասեք, կանենք»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նոր տեմպ ու արագություն է տվել Երեւանում 2018 թվականի ՔՊ նախընտրական ծրագրի իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց իրենց իրականացրած ծրագրերը։ Ըստ նրա՝ 2018 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տարած թիմի 90 տոկոսը շարունակում է մնալ նույն քաղաքական թիմը։ «Եվ ես կարծում եմ, որ մեր քաղաքական թիմը պատվով է կատարել Երեւանի կառավարման գործը։ Եվ մենք 2018 թվականից մինչեւ այսօր Երեւան քաղաքում ահռելի գործ ենք արել, այնքան գործ ենք արել, որ Երեւանի քաղաքապետի մի շարք ընդդիմադիր, նախկինում մեզ հետ աշխատած թեկնածուներ հիմա դա ատամներով ու եղունգներով քաշում են դեպի իրենց կողմը։ Եվ սա այն բանի մասին է վկայում, որ արված աշխատանքն այնքան շատ է, որ քաղաքապետի 10 թեկնածուի նախընտրական արշավի նյութ կարող է ծառայել։ Բայց նաեւ եկեք արձանագրենք՝ ով է այդ աշխատանքի հեղինակը։ Այդ աշխատանքների որոշումները կայացրել է եւ կատարման ընթացքին հետեւել է, ծրագրերն ընդունել է Երեւանի ավագանին, որի մեծամասնությունը, ինչպես եղել է 2018 թվականին, մինչեւ այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական թիմն էր: Եվ ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այս մարդկանց աշխատանքը պետք է գնահատվի, եւ որեւէ մեկին թույլ չպիտի տրվի, որ նրանց ջանքը, տառապանքը, համեստությունը գողացվի»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց․«Մենք միասին թիրախավորեցինք գազելները եւ վերացրինք գազելները։ Կառավարության 2021 թվականի որոշմամբ լուծվեց 845 հատ տարբեր չափերի ավտոբուսներ գնելու հարցը։ Այդ ավտոբուսներից 578-ն արդեն Երեւանում են, եւս 276-ն առաջիկայում շատ արագ կտեսնեք։ 15 հատ նոր տրոլեյբուս է ձեռք բերվել, եւս 15-ն առաջիկայում կտեսնեք։ Երեւանում արդեն առաջին էլեկտրոավտոբուսը կա։ Մենք ապահովում ենք նոր վերելակներ, միայն այս տարի 4,7 մլրդ դրամ կամ 12 մլն դոլար նոր վերելակների համար գումար է հատկացվել պետական բյուջեից։ Այս տարվա արդյունքներով՝ Երեւանում 1600 հատ վերելակ փոխված կլինի։ Ու եթե ոմանց՝ քաղաքական խարդավանքների մեջ ներքաշվելը չլիներ, հիմա այդ թիվը պետք է լիներ 2000-ից ավելի»։
Փաշինյանը մանրամասն անդրադարձավ նաեւ մյուս ոլորտներում իրականացված ծրագրերին։ Նա նաեւ հայտարարեց․ «Մենք Երեւան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ