«Երեւանին պետք է քաղաքապետ, որն իր թիմի հետ միասին, ձեզ հետ միասին տասնամյակների խնդիրները կլուծի ու կլուծի արագ»,- այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ասաց ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Եվ երբ մեզ ասում են՝ արդյոք այս ընտրությունները քաղաքային են, թե՞ քաղաքական, ես վստահորեն կարող եմ ասել, որ այս ընտրությունները քաղաքական են, որովհետեւ եթե տասնամյակներով մենք կառուցեինք մեր մանկապարտեզները, կառուցեինք մեր բակերը, շենացնեինք մեր դպրոցները, բարձրացնեինք մեր համալսարանների որակը, կհզորանար մեր տնտեսությունը, կհզորանար մեր բանակը։ Եվ միգուցե շատ բաներ այլ ձեւով կգնային։ Բայց այսօր էլ մենք ունենք այդ խնդիրը եւ այդ խնդիրը լուծելու ենք, ամրացնելու ենք եւ ուղղելու ենք մեր մեջքը, որովհետեւ Երեւանը կանգուն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ հավերժ»,- հայտարարեց Ավինյանը։
Նա թվարկեց տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումները, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։ «Բայց սա ընդամենը սկիզբն է մեր հնգամյա ճանապարհի, որովհետեւ գալիք 5 տարիներին Երեւան քաղաքում մենք պետք է հիմնանորոգենք բոլոր մանկապարտեզները, պետք է բարեկարգենք բոլոր բակերը, պետք է հիմնանորոգենք բոլոր պոլիկլինիկաները, բոլոր սպորտդպրոցները, բոլոր երաժշտական դպրոցները, որովհետեւ երեւանցիները, Երեւան քաղաքը միայն այս արագությանն ու տեմպին են արժանի։ Մենք էլ ժամանակ չունենք սպասելու, մենք էլ ժամանակ չունենք կապիկությունների վրա կորցնելու, մենք է ժամանակ չունենք դերասանություններ անելու, ժամանակ չունենք արդարացումներ փնտրելու, սեփական անկարողության պատճառով մեղադրելու սրան-նրան, կառավարությանը։ Մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան, ամեն Աստծո օր աշխատելու՝ վերականգնելու համար Երեւանի բոլոր ենթակառուցվածքները»,- ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ