Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգված է լրագրողի կյանքը. ՀԺՄ

Սեպտեմբեր 15,2023 20:44

Օրեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատապարտեց Newday.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների ու աջակիցների, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող հարձակումները, վիրավորանքներն ու հայհոյանքները:

Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն իրավիճակը չշտկեց, այլև ավելի խորացրեց լարվածությունը: Հետևաբար, կարող ենք վստահաբար արձանագրել, որ կատարվածն ուղղորդվում, խրախուսվում է իշխող ուժի վերնախավի, մասնավորապես և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի նկատմամբ ամենավայրի արշավն էր տարվում: Չբավարարվելով ամենաայլանդակ հայհոյանքներով, անեծքներով, սադրանքներով ու վիրավորական  արտահայտություններով՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն այսօր արդեն բռնություն էին կիրառում՝ շիշ նետելով ու դրոշի կոթով հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

Կրկնում ենք՝ ամեն բան տեղի է ունեցել ուղիղ եթերում. տեսանյութերն առկա են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցողին, վերջ տալ այս ամենաթողությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին՝ զսպել իրենց համակիրների ու աջակիցների բնազդները:

Իրավապահ մարմինների անգործության հետևանքով խոչընդոտվում է ԶԼՄ աշխատակիցների աշխատանքը, վտանգվում է լրագրողի, օպերատորի կյանքը:

Դիմում ենք նաև միջազգային մեր գործընկերներին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին՝ գնահատական տալ կատարվածին, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ աշխատանքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nona says:

    Անի Գևորգյանի մասին մի անհանգստացեք։ Ամեն մարդ ունի իր ամպլուան ու փող վաստակելու ձևաը։ Եթե մեր երկրում նորմալ լրագրողական էթիկայի հանձնաժողով լիներ, Անիի նման “լրագրողները” հիմա վաղուց այլ գործի անցած կլինեին․․․․ անվերջ սադրելու արդյունքը մարդիկ տեսնում են էկրանին ու հիմա էլ իրենց վերաբերմունքն են արտահայտում․ ամեն ինչ օրինաչափ է։ Ցավում եմ որ Առավոտ ի սայթը գրաքննում է և որևէ վիրավորանք չպարունակող բայց իրենց ոչ հաճելի քոմենթները չի դնում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930