Երբեք Երեւանի քաղաքային իշխանությունների ընտրություններն այսչափ չեն զուգակցվել ու չեն աղերսվել ՀՀ ինքնիշխանության, անկախության համար մղվող պայքարի ու մարտահրավերների հետ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Երբեք ՀՀ նախկին նախագահներից որեւէ մեկի քաղաքապետի թեկնածուն հրապարակայնորեն կասկածի տակ չէր դրել ՀՀ գոյության իմաստն այնպես, ինչպես այսօր են դնում։
Երբեք ՀՀ մյուս նախագահներից մեկի խմբակցության ղեկավարը խորհրդարանում հրապարակայնորեն չէր սպառնացել Երեւանը վերցնել արյամբ։ Երբեք Երեւանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից շատերն այսքան բացահայտ չէին հռչակել, որ գրոհում են Երեւանը՝ Հայաստանը վերցնելու համար եւ երբեք չէին հռչակել, որ Երեւանն իրենց համար ընդամենը պլացդարմ է՝ տորպեդահարելու Հայաստանի ինքնիշխանությունը, ազատությունը եւ անկախությունը։
Եվ ահա այս մարդիկ ու այս ուժերն իրենց ղեկավարների հետ հռչակում են Հայաստանի կազմալուծման ճանապարհային քարտեզը։ Այդ քարտեզն ունի մի քանի շատ պարզ քայլերի հաջորդականություն։ Քայլ առաջին՝ վերցնում են Երեւանը, ընդհուպ արյամբ։ Քայլ երկրորդ՝ վերցնում են Հայաստանը եւ դրա համար հիմա էն գլխից հայտարարում են ՀՀ պետականության գոյությունը կասկածի տակ դնելու նպատակահարմարության մասին։ Հիմա հարց՝ ի՞նչ ունեն երեւանցիները՝ կապված այս ծրագրի հետ։ Այս ուժերին բոլորդ հիանալի ճանաչում եք։ Նպատակը Երեւանը չէ, նպատակը Հայաստանն է։ Երեւանը թիրախն է, եւ այդ թիրախն ընտրված է շեշտակի։ ընտրված է Հայաստանի սիրտը, խփում են Հայաստանի սրտին եւ անցնում են Հայաստանը տապալելու իրենց դավադիր ծրագրին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հայկ Կոնջորյանը նշեց, որ Երեւանի քաղաքային ընտրություններն այսօր քաղաքական են առավել, քան երբեւէ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ