Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. Ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին բավարարող ընտրություններն են միայն, որ կարող են կայուն ժողովրդավարությունը երաշխավորելու միջոց դառնալ

Սեպտեմբեր 15,2023 20:25

ՄԻՊ աշխատանքային խումբն ամփոփում է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ապահովում է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիների ընդունելություն և տրամադրում իրավական խորհրդատվություն։

Աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 500 հրապարակում:

Մշտադիտարկման արդյունքները, հրապարակումներն ու Պաշտպանին հասցեագրված բողոքները վերաբերել են Երևանի ավագանու ընտրություններին առնչվող գործընթացի շրջանակներում վարչական ռեսուրսի չարաշահման, հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու, հավաքներին մասնակցելու պարտադրանքի ենթադրյալ դեպքերին, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգի ենթադրյալ խախտումներին, նախընտրական պաստառները պատռելուն, ընտրական գործընթացի շրջանակներում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերն արձանագրվել են Պաշտպանի աշխատակազմում:

Պաշտպանը կարևորում է ցանկացած գործընթացի շրջանակներում բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության իրականացումը և պետության կողմից նշված իրավունքի պատշաճ երաշխավորումը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ընտրական գործընթացի շրջանակներում երեխաների իրավունքների, այդ թվում՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի երաշխավորումը: Երեխաների կողմից իրենց հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի երեխաների «լավագույնի շահի»  ապահովմամբ և  «մի՛ վնասիր» սկզբունքով:

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցին, ինչի առնչությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները:

Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ են ուղարկվել Գլխավոր դատախազություն, Ներքին գործերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլ իրավասու մարմիններին՝ նշված դեպքերը  պատշաճ քննարկման առարկա դարձնելու պահանջով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ընտրական գործընթացին ներգրավված բոլոր դերակատարների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, գործընթացին վերաբերող ենթադրյալ խախտումների պարագայում դրանց քննության արդյունավետության երաշխավորումը, խախտված իրավունքների վերականգնումն ու պատասխանատվության անխուսափելիության երաշխավորումը:

Ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին բավարարող ընտրություններն են միայն, որ կարող են կայուն ժողովրդավարությունը երաշխավորելու միջոց դառնալ:

Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930