«Սպուտնիկ Արմենիայի» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պատասխանելով հարցին, թե իր կարծիքով քարոզարշավի ընթացքում քաղաքական ո՞ր ուժն ավելի աշխույժ ու հետաքրքիր աշխատեց, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ներկայացնելով ֆավորիտ քաղաքական ուժերի մարտավարությունը՝ ասաց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչ առաջնահերթություններ ունի:
«Ապրելու երկիր»-ի մոտ բավականին բալանսավորված էր քաղաքականն ու քաղաքայինը, ծրագիրն էլ բավականին կոնկրետ էր եւ հիմնված շատ կոնկրետ հաշվարկների վրա՝ մեգա նախագծեր, փոքր նախագծեր: Եվ դրանց զուգահեռ նաեւ Արցախի պրոբլեմատիկա, որն էլ մարմնավորվում է ի դեմս իրենց գործընկեր Ռուբեն Վարդանյանի: Իրենք ըստ էության հրաժարվելով հանրահավաքային մեթոդոլոգիայից, հիմնականում բակից բակ էին գնում եւ մեծ շեշտ դնում էին սոցիալական ցանցերի, հարցազրույցների եւ այլնի վրա: Իրենք բան ունեին բացատրելու, բան ունեին ներկայացնելու: Այսինքն, իրենց երկար հարթակներ էր պետք:
«Մայր Հայաստանը» ի սկզբանե հայտարարեց, որ իր նպատակը երկրում ամբողջական քաղաքական իշխանափոխությունն է: Ոչ թե փուլ առ փուլ, այլ ակնարկվեց, որ այս գործընթացը զուտ մեծ իշխանափոխության առիթ է: Ենթադրվում է, որ այստեղ գործ ունենք փողոցը, ընդհանրապես զանգվածներին ն ակտիվացնելու փորձի հետ: Այս պատճառով իրենց մարտավարությունը, կարծում եմ, միտված էր շրջելով՝ փողոցի հետ աշխատելու, երբեմն բակեր մտնելու հետ: Բայց դրան զուգահեռ, իրենք նաեւ հանրահավաքային ընդհանուր տակտիկան էին ընտրել, ինչը սովորաբար, բնորոշ է արմատական ընդդիմությանը:
Հայկ Մարությանի նախընտրական կամպանիան հիմնականում քաղաքային բնույթ ուներ: Որպես նախկին քաղաքապետ, ինքն էլ բան ուներ ներկայացնելու, թե ինչ է արել պաշտոնավարման ընթացքում: Եվ նրա հիմնական հարթակը բակերն էին: Քիչ եմ հիշում, որ նա հարցազրույցներ է տվել, բայց իհարկե, նաեւ սոցիալական ցանցերն են օգտագործվել:
Կարդացեք նաև
Այսինքն, կախված նպատակից, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն ընտրում է, թե ինչ հարթակներ օգտագործի: Նույն քաղպայմանագիրը որպես գործող իշխանություն, ինքը ստիպված էր մտնել ժողովրդի մեջ եւ փորձել ներկայացնել, թե ինչ է արել: Բայց ամենակարեւորը իր կարգախոսից էր բխում, որ ինքը իրավիճակային հարց է լուծում: Եվ վարչական այն ռեսուրսը, որ չունի ընդդիմությունը, իշխանությունը վերջին մեկ տարվա ընթացքում ուղղել էր նրան, որ իրենց թեկնածուն հարց լուծող մարդ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ