Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անձանց միջպետական հետախուզման, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, Համացանցում թմրամիջոցների անօրինական շրջնառության հակազդման, կիբերհանցավորության դեմ պայքարի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի օբյեկտներում հասարակական կարգի ապահովման և այլ հարցեր էին:
Նիստում ելույթ ունեցավ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության կազմավորման ընթացքին, Պարեկային ծառայության կայացմանն ու քրեական ոստիկանության ստորաբաժանումների կազմավորմանը և բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ գործընթացների:
Վահե Ղազարյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց կիբերհանցավորության աճի միտումներին ու Համացանցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տարածման խնդիրներին և ընդգծեց, որ այդ ոլորտում պայքարի արդյունավետության բարձրացման համար ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների մշտական և անընդմեջ օպերատիվ կապին զուգահեռ անհրաժեշտ է միասնական միջոցներ ձեռնարկել և մշակել փոխհամաձայնեցված մոտեցումներ, մասնավորապես՝ ձևավորել ոլորտի մասնագիտացված ստորաբաժանումներ ԱՊՀ շրջանակում:
Կարդացեք նաև
Քննարկված հարցերի վերաբերյալ կայացվեցին կոնկրետ որոշումներ ու ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր: ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհուրդը որոշում կայացրեց հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում:
ՀՀ ՆԳՆ