«Բոլոր ընտրախախտումների պարագայում՝ սկսած արգելված վայրերում փակցված քարոզչանյութերից մինչև քարոզչանյութերի վնասման դեպքեր, լիովին առաջատար է ՔՊ-ն․ 42-ը արձանագրվել է ՔՊ-ի դեպքում, 38-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցության դեպքում», – «Մեդիա կենտրոնում» «Ականատես» դիտորդական առաքելության նախընտրական քարոզչության մասին երկրորդ միջանկյալ զեկույցի ներկայացման ժամանակ տեղեկացրեց «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը։
Ըստ զեկույցի՝ քարոզչության ամենամեծ ծավալը նկատվել է ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցությունների մոտ։ Ամենապասիվը բնութագրվել է Հայաստանի եվրոպական կուսակցության իրականացրած քարոզարշավը։
Զեկույցում արձանագրվել է ՔՊ-ի պաստառները վնասելու 20, «Ապրելու երկիր» կուսակցության քարոզչանյութերի վնասման 7 դեպք։
Արձանագրվել են անչափահասների՝ քարոզարշավին ներգրավման դեպքեր։ Լևոն Չուկակլյանն ասաց․ «Ապրելու երկիր»-ի կողմից՝ 17 դեպք, ՔՊ-ի կողմից՝ 10, «Մայր Հայաստան»-ի կողմից՝ 11, «Արդար Հայաստանի» կողմից՝ 4 դեպք։ Քիչ չեն եղել նաև ընդհանուր քարոզչական խոչընդոտներն ու բռնությունները։ «Մայր Հայաստան» դաշինքի քարոզչության մասով բնակիչները թույլ չեն տվել մտնել բակ, կամ որպես այդպիսին՝ ունեցել ենք դեպքեր, երբ նույն դեպքերում, օրինակ՝ ֆեյք էջերով կեղծ օգտատերերը հակաքարոզչություն են իրականացրել թեկնածուների հանդեպ»։
Կարդացեք նաև
Ըստ Լևոն Չուկակլյանի՝ այս քարոզարշավի ընթացքում շատ էր նաև ատելության խոսքը և վիրավորական խոսքը․ «Երկու դեպք ենք արձանագրել։ «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչ Մերի Մարկոսյանը նշել է, որ պետք է քաղաքը մաքրել հնդիկներից ու պարսիկներից, այրելու կոչեր էր հնչեցրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին, Վարդան Ղուկասյանի եթերների ժամանակ է հնչել ատելության խոսք տարբեր ուժերի վերաբերյալ»։
Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին էլ «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանն ասաց․ «ՔՊ-ն առավելություն է ստացել վարչական լծակների չարաշահումների առումով այլ ուժերի հանդեպ։ Ամենացայտուն դրվագը վարչական շրջանների աշխատակազմերի ամբողջական ներգրավումն է քարոզչական գործընթացներում։ Գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները ընտրական ցուցակներում ներառված թեկնածուներ են և համատեղում են իրենց աշխատանքը՝ որպես վարչական ղեկավար և թեկնածու։ Այս համատեղումները հաճախ խնդրահարույց են։ Բոլոր վարչական շրջանների աշխատակիցներն արձանագրել են՝ եղել են դեպքեր, երբ վարչական ղեկավարները նշել են, որ իրենք աշխատանքային շրջայցի են, պարզվել է, որ ՔՊ գրասենյակում են գտնվում։ Եղել են դեպքեր, երբ հնարավոր չի եղել կապ հաստատել աշխատակազմից որևէ մեկի հետ, քանի որ վարչական շրջանները գրեթե չեն ունեցել պատշաճ կառավարում, քանի որ բարձր ղեկավարությունն ամբողջությամբ ներգրավված է եղել քարոզարշավի մեջ։ Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 24-ին տեղի ունեցած քարոզչությանը ՔՊ-ի կողմից մասնակցել են վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Սաշա Կատվալյանը ու տեղակալ Լազեր Խաչատրյանը։ Նրանք չեն գտնվել արձակուրդում։ Արձակուրդի հետ կապված տեղեկատվությունը թափանցիկ չէ։ Հարցում ենք ուղարկել, բայց պատասխանը հետաձգվել է երեսուն օրով, ինչը մեզ զրկել է համեմատելու հնարավորությունից։ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցներին դիտորդները նկատել են աշխատանքային ժամերին կուսակցության բուկլետներ բաժանելիս և քարոզչական այլ աշխատանքներ կատարելիս»։
Իրավաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ երեք հաղորդում են ներկայացրել դատախազություն․ «Մասնավորապես դիմել ենք այն դեպքի կապակցությամբ, որ գովազդային ընկերությունն առցանց եղանակով երիտասարդ աղջիկներին հրավիրել է 1000 դրամ դրույքաչափով, որպեսզի մասնակցեն ՔՊ հավաքներին։ Հաջորդը «Ապրելու երկիր» կուսակցության նվեր քարտերին է վերաբերում։ Մի քարտ ստացել ենք և դրա հետքերով ճշգրտող զանգ ենք կատարել, ուղիղ պարզելու՝ ինչ է ենթադրում այդ քարտը՝ նյութական բարիք սպասվո՞ւմ է։ Պարզապես չի ասվել, թե ինչ նվեր է սպասվում, ուղղակի հավաստիացվել է, որ նման նվեր կլինի ընտրություններից հետո։ Նաև հաղորդում ենք ներկայացրել մեր դիտորդի լիազորությունների խոչընդոտման փաստի առթիվ։ ՔՊ շտաբի ներկայացուցիչների կողմից է եղել խոչընդոտում՝ լուսանկարահանման չարգելված վայրում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի