Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 278-րդ օր
Համաձայն Արցախի կառավարության թիվ 98 տեղեկագրի՝ 15.09.2023թ. դրությամբ
Արցախում շարունակում է գերխնդիր մնալ հանապազօրյա հացի ձեռքբերումը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։
Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկի:
Կարդացեք նաև
Նույնիսկ կտրոններով չի հաջողվում լուծել հացի բավարար մատակարարման խնդիրը՝ հաշվի առնելով ալյուրի աճող սուր պակասը: Արդյունքում, վերջին օրերին մատակարարվող հացի ծավալը չի անցել պահանջարկի շուրջ 20 տոկոսից, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկված են եղել հացից կա՛մ ամբողջապես, կա՛մ մասնակիորեն:
Օրվա վիճակագրական թարմացումներ
- Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,960 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։
- Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 815 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան, որն էլ կասեցվել է օգոստոսի 28-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախցի երեք ուսանողների առևանգումից հետո:
- Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
- Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 224 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (278 օրվա ընթացքում մարդկանց 681,100 -ի փոխարեն՝ 3,042 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 27 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի մեքենաներով:
- Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 86 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (278 օրվա ընթացքում 255,766 -ի փոխարեն՝ 2,990 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 6 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները, ինչպես նաև մեկ բեռնատար մեքենա՝ հումանիտար բեռով:
- Շուրջ 19 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (278 օրվա ընթացքում մոտ 111,200 տոննայի փոխարեն՝ 5,730 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ մոտ 15 տոննա հումանիտար բեռ՝ ռուսական Կարմիր խաչի միջոցով:
- Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 211 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 249 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
- Շրջափակումից ի վեր 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կա՛մ փաստացի են կասեցրել, կա՛մ գործում են խիստ սահմանափակ ծավալով։
- Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:
- Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
- Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 528 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Արցախի տեղեկատվական շտաբ